Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրավիճակը գնում է կայուն նվազման: «Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են: Ցավոք, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի Բ1 և Բ2 ենթաշտամերը: Մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում: Եվ, կարծես, «դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել «օմիկրոն» շտամի ազդեցության ներքո:
Ընդհանուր առմամբ, իհարկե, մենք տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն: Բայց, միևնույն է, այն քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստված չեն, ունեն քրոնիկ հիվանդություններ, լինում են նաև ծանր դեպքեր և, ինչպես տեսնում եք, ունենք մահվան դեպքեր: Այնպես որ, պետք է պատվաստման առումով մեր զգոնությունը շարունակենք պահպանել և մանավանդ՝ տարեց քաղաքացիների և քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք: 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով մենք ունենք արդեն 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է, բայց մենք բոլոր ջանքերը ներդնում ենք այդ ցուցանիշն ավելացնելու: Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 080715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47.9 տոկոսը և երկրորդ դեղաչափը ստացած, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստված 905 624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսը: Իրականացնում ենք նաև 3-րդ խթանիչ դեղաչափով պատվաստումներ: Ունենք արդեն 20 169 քաղաքացի, որոնք ստացել են բուստեր դեղաչափ»,-ասել է նախարարը: Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթվանից կնախատեսվեն հիվանդանոցների հետծավալման և մահճակալների կրճատման աշխատանքներ:
«Այս շաբաթվա ընթացքում տենդենցի պահպանման շրջանակում մենք, վերանայելու ենք որոշ սահմանափակումներ: Դիմակների կրումը որոշ հաստատություններում, ինչպիսին, օրինակ՝ բժշկական կենտրոններն են, կմնան պարտադիր, որովհետև այնտեղ ունենք բարձր ռիսկայնություն: Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ գտնվում են այլոց հետ փակ տարացքում՝ շատ մարդկանց շրջանում: Բայց կրելու պարտադիր բնույթը վերանայվելու է»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: