Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 26-ին քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Հայկ Ալումյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:
Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: