Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց, որ Վերին Լարս անցակետը շարունակում է մեր բեռնափոխադրողների համար գլխավոր խնդիր մնալ:
Պատգամավորը կարծում է, որ չնայած նրան, որ որոշ շրջանակներում այդ խնդիրը քաղաքական հարթության վրա է դրվում, ակնհայտ է, որ այստեղ ավելի շատ անցանելիության, եղանակային պայմանների և աշխահագրական դիրքի հարցեր են:
«Վերին Լարս անցակետի անցանելիությունը օրական կազմում է 3000 ավտոմեքենա, մինչդեռ այսօր պահանջարկը կազմում է մինչև 15 հազար մեքենա: Այս խնդիրը թույլ չի տալիս օգտագործել ամբողջ ներուժը, որն ունի Հայաստանը՝ գտնվելով ԵՏՄ կազմում», – ասաց Արմեն Փամբուխչյանը:
Պատգամավորը նկատեց, որ առավել հաջող այլընտրանք կարող է լինել ծովով բեռների տեղափոխումը, որը թույլ կտա ապահովել ապրանքների առաքման ժամկետների կանխատեսումը: