Վերջին հինգ տարում Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը. SIPRI

Ամենադիտվածներ

Վերջին հինգ տարիներին Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը նախորդ հնգամյակի՝ 2010–2014 թվականների համեմատ, պնդում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ երեկ հրապարակած զեկույցը: Հեղինակավոր կառույցը փաստում է, որ ներկրումների առյուծի բաժինը՝ 94 տոկոսը Ռուսաստանից է:

Այս մասին տեղեկանում ենք Ազատություն ռադիոկայանից:

Հոդվածում ասվում է, որ նույն ուսումնասիրության համաձայն, անցած հինգ տարում Ադրբեջանը շուրջ 40 տոկոսով նվազեցրել է զենք-զինամթերքի ներկրումը՝ նախորդ հնգամյակի համեմատ: Այդուհանդերձ, անգամ այս տեմպերով, ըստ զեկույցի, 2015-19 թվականներին Ադրբեջանը զենքի ձեռքբերման ծավալներով գերազանցել է Հայաստանին ավելի քան երեք անգամ: Ընդ որում, ադրբեջանական բանակը զինատեսակների 60 տոկոսը ներկրել է Իսրայելից, և միայն 31 տոկոսը՝ Ռուսաստանից:

Հիշեցնելով 2016 թվականի քառօրյա պատերազմը՝ զեկույցը փաստում է, որ հիմա երկու երկրներն էլ ընդարձակում են իրենց ռազմական կարողությունները՝ ձեռք բերելով նաև հրթիռներ, որոնք կարող են շատ ավելի մեծ հեռահարությամբ խոցել թիրախները հակառակորդի տարածքում:

Հարևան Թուրքիան, որ 90-ականներին զենքի ներկրման ծավալով երրորդն էր աշխարհում, անցած հնգամյակում մոտ երկու անգամ կրճատել է գնումները և այժմ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Փորձագետները փաստում են՝ հիմնական պատճառը ամենևին էլ Անկարայի խաղաղասիրությունը չէ, ուղղակի վերջին տարիներին էականորեն սրվել են Թուրքիայի հարաբերությունները մատակարար երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ու Գերմանիայի հետ:

Նույն ուսումնասիրության համաձայն՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում առաջատարը զենք վաճառող երկրների շարքում. «2014-19 թվականներին Վաշինգտոնն է՛լ ավելի է ամրապնդել այս դիրքը՝ ավելացնելով զենքի արտահանումը 23 տոկոսով», – փաստում է զեկույցը, հավելելով՝ Ամերիկան անցած հնգամյակում 76 տոկոսով ավելի շատ զենք-զինամթերք է վաճառել, քան Ռուսաստանը, որը երկրորդն է առաջատարների ցանկում:

Ռուսական զենքի վաճառքը միջազգային շուկայում 2014-19 թվականներին կրճատվել է մոտ 20 տոկոսով: Հիմնական պատճառներից մեկը Հնդկաստանն է, որը ժամանակին ռուսական զենքի ամենամեծ ներկրողն էր, սակայն վերջին տարիներին կրճատել է ծավալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ամենաթարմ