ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի չի նախատեսվում կազմակերպել «Վերջին զանգ»-ի արարողություն:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախյան երրորդ պատերազմի հետևանքները՝ բնականաբար, այս տարի տոնական որևէ միջոցառում չի իրականացվելու կրթական հաստատություններում։
«Հանրակրթական բոլոր դպրոցները տեղյակ են, որ «Վերջին զանգ»-ի արարողությունները կատարվելու են միայն դասասենյակներում՝ ավելի համեստ տարբերակով, շնորհավորելով շրջանավարտներին և բարի երթ մաղթելով դեպի նոր կյանք: Մենք պարտավոր ենք հարգել և հիշել մեր անմահ հերոսների հիշատակը և զերծ մնալ տոնական միջոցառումներից»,- նշել է փոխնախարարը:
Ըստ Մ. Համբարձումյանի՝ 2020-2021 ուսումնական տարում շրջանավարտների թիվը կազմում է 853՝ նախորդ տարվա՝ 1285-ի փոխարեն, իսկ 9-րդ դասարանցիների թիվը՝ 1514՝ նախորդ ուսումնական տարվա 1896-ի փոխարեն։