Առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, և մենք թե՛ տեղերում՝ մեր մարզային ԲԿ-ներում, թե՛ Երևանում ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բոլոր ԲԿ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության անհրաժեշտ պարագաներով, մասնագիտական թիմերով, նաև շտապօգնության բրիգադներով: Իհարկե մենք ակտիվ կապի մեջ ենք մեր սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, և հումանիտար աջակցության կամ ընդհանրապես համակարգին աջակցելու բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված: Բոլոր վիրավորները ստանում են մարզային կենտրոններում համապատասխան բժշկական օգնությունը, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ՝ ստանալու բարձրակարգ, ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բժշկական օգնություն: Այսօր այցելել եմ ԲԿ-ներ Երևանում, այցելելու եմ նաև բոլոր մարզերում ԲԿ-ները»,- ասաց առողջապահության նախարարը:
Ինչ վերաբերում է դոնորական արյան պաշարներին, Ավանեսյանը տեղեկացրեց՝ պաշարները բավարար են, բայց դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չեն իրականացնում լրացուցիչ պաշարների համալրում:
«Սա նորմալ, բնական ընթացք է, և, այո՛, մենք մշտապես էլ հորդորում ենք մեր քաղաքացիներին ներկայանալ համապատասխան ԲԿ-ներ և ժամանակ առ ժամանակ հանձնել արյուն, որպեսզի մեր պաշարներն անընդհատ համալրվեն»,- ասաց նախարարը: