fbpx
Աշխարհ

Ո՞ր դեպքում ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, երբ թուրքական բանակը, առանց ընտրելու թիրախները, հարվածներ հասցնի խաղաղ բնակչությանը և փորձի էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում, սակայն այդպիսի գործողություններ Թուրքիայի կողմից պաշտոնական Վաշինգտոնը դեռևս չի նկատել: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Խոսքը վերաբերում է էթնիկ զտումների, առանց թիրախ ընտրելու՝ խաղաղ բնակչությանը հրետանային և ավիահարվածներ հասցնելուն: Մենք այժմ հետևում ենք գործողություններին և այդպիսի լուրջ օրինակներ չենք նկատել: Սակայն այս մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև թուրքական ուժերը դեռևս նշանակալիորեն առաջ չեն գնացել սահմանից, այնպես որ՝ մենք գտնվում ենք վաղ շրջանում: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք այդքան շատ նախազգուշացումներ ենք անում, որովհետև անհանգստացած ենք առանց թիրախներ ընտրելու՝ կրակոցներ արձակելու դեպքերից»,-պարզաբանել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ:

Նրա պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար: Բացի այդ՝ գործողության մեկնարկից առաջ Էրդողանը դիմել է ամերիկյան իշխանություններին ռազմական աջակցության հարցով, սակայն մերժում է ստացել:

«ԱՄՆ-ը ոչ մի ռազմական աջակցություն չի ցուցաբերի: Թուրքերն օգնություն են խնդրել տարբեր ժամանակներում և տարբեր մակարդակներով, այդ թվում՝ կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Մենք նրանց պարզ հասկացրինք, որ այդպիսի բան չի լինի»,-նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նա մանրամասնել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները թուրքական գործողությունների առնչությամբ կապ չեն հաստատել սիրիական կառավարության հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ