fbpx
Մարզեր

Որոշ համայնքապետեր սաբոտաժ են անում. Կոտայքի մարզպետը անուններ է հնչեցնելու

«Հայկական ժամանակը» գրում է`

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս հայտարարել էր, որ նախարարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն՝ ոչ լեգիտիմ համայնքի ղեկավարների պաշտոնավարումը կասեցնելու համար: Պապիկյանը նշել էր, որ սրա նպատակը բնակչի ձայնը լսելի դարձնելն է եւ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Այսինքն, հանրաքվեով համայնքը կարտահայտվի՝ կողմ է արդյոք տվյալ համայնքապետի հետագա գործունեությանը:

«Ունենք համայնքներ, որտեղ ինչ-որ անձնավորություն տասնամյակներով համայնքի ղեկավար է եւ նրա արժանիքը ընդամենը նրանում է, որ ունի մեծ ազգակցական կապեր»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

– Պարոն Պետրոսյան, շուտով տարածքային կառավարման նախարարությունը օրենսդրական նախագծով հանդես կգա ՏԻՄ-երում հանրաքվեի ինստիտուտ ներդնելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախագծին:

– Բնականաբար, շատ դրական եմ վերաբերվում, քանի որ ինքս էլ իմ 9 ամսվա պաշտոնավարման ընթացքում, որպես տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչ, եկա այդ եզրահանգմանը, որ բոլոր առումներով տեղական ինքնակառավարման մասին գործող օրենքը չափից ավելի է անկախացրել եւ ինչ-որ առումով նաեւ անվերահսկելի է դարձրել ՏԻՄ գործունեությունը: Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ փաստացի ընտրված համայնքապետերի գերակշիռ մասը դեռեւս նախկին իշխանության օրոք են ընտրված եւ դեռեւս նախկին քաղաքական իրողություններով պայմանավորված խաղի կանոններով են ընտրված, այսօր ոչ մի կերպ չեն օժանդակում բարեփոխումներին շատ համայնքներում: Լինում են դեպքեր, որտեղ նաեւ ակնհայտ սաբոտաժով է դա ուղեկցվում: Կոնկրետ մեր մարզում, ցավոք, ունենք նման համայնքներ:

Եւ ահա այդ փոփոխությունները, որը պարոն Պապիկյանն է ցանկանում շրջանառել եւ շուտով արդեն ԱԺ պետք է մտնի, շատ ողջունելի է եւ ինքս էլ իմ մասով որոշակի խորհրդակցական քննարկումներ եմ ունեցել նախարարի հետ եւ նաեւ իմ դիտարկումներն եմ ունեցել:

– Նախագիծը բացասական կողմեր չունի՞: Օրինակ, եթե ինչ-որ համայնքի ընտրություններում մասնակցել է 3 թեկնածու, իսկ արդյունքում ասենք 1 թեկնածու ստացել է 45 տոկոս ձայն եւ ընտրվել, իսկ մնացած 2 թեկնածուներն իրար հետ 55 տոկոս ձայն են ստացել, հնարավո՞ր է, այդ 2 թեկնածուների կողմնակիցները ստորագրահավաք իրականացնեն, ասեն՝ մենք չենք ուզում այս համայնքապետին: Որքանո՞վ իրեն կարդարացնի այս նախագիծը:

– Օբյեկտիվ իրողությունների դիտանկյունից ժողովրդավարության հիմնասյունը հենց մեծամասնության կամքի, այսպես ասած, թելադրումն է` փոքրամասնությանը: Դա է ժողովրդավարությունը, ուզենք, թե չուզենք: Եւ եթե թեկնածուներից մեկը համայնքի ղեկավար ընտրվելիս ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը, ապա այդ դեպքում ինքը նաեւ պետք է վայելի բացարձակ մեծամասնության աջակցությունը` նման ստորագրահավաքների կամ հանրաքվեների պարագայում: Մեկը մյուսին չի հակասում: Ասեմ ավելին՝ այդ նախագծում նաեւ նախնական քննարկված դրույթ կա` ավագանիների 2/3-ի կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու եւ ըստ այդմ ինստիտուցիոնալ ուղիներով պաշտոնազուրկ անելու` արդեն կառավարության կողմից: Մարզում քննարկումների ժամանակ դարձյալ այդպիսի մտահոգություններ են հնչել, որ եթե ընտրված համայնքապետ է, ապա ավագանու 2/3-ի անվստահության թեզը կարծես թե հակասում է ժողովրդից ստացած քվեի իրավաչափությանը: Բայց նաեւ հարցը նրանում է, որ հենց այդ նույն ժողովուրդն է ընտրել այդ նույն համայնքապետին եւ հենց այդ նույն ժողովուրդն է ընտրել իր ավագանուն: Եւ եթե ավագանու 2/3-ը անվստահություն է հայտնում համայնքապետին, ապա այդ ավագանու հայտնած անվստահության հիմքում պիտի լինեն իրենց ընտրազանգվածի տրամադրությունները: Դառնում է համաչափ եւ լիարժեք գործընթաց:

*հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ