Այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով հարկային ստուգումներին, ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ստուգում եք, գնացե՛ք ստուգեք, ինչքան ուզում եք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Էնտեղից դուրս չեն գալիս: Օրը գալու է` ստուգումներն ավարտվեն, ու ես լրագրողներին հավաքելու եմ, ներկայացնեմ ամբողջը փաստաթղթավորված»:
Իսկ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտի վերաբերյալ հարցին պատասխանեց.
«Եթե որոշ պատգամավորներ չեն տիրապետում, պատգամավոր են դարձել Նաիրա Զոհրաբյանի ասած` գիտեք ում շնորհիվ, ու էստեղ են, մենք էստեղ ենք և ուզում ենք լուծում տալ հարցերին:
Հեղափոխությունը, որ կատարվել է, սիրո հեղափոխությունը, խոստում է: Որպեսզի իսկական հեղափոխություն լինի, պետք է տնտեսական հեղափոխություն անել»:
Անդրադառնալով ցեմենտի գործարանին՝ Ծառուկյանը հիշատակեց ծանոթ-բարեկամ-շահեր եռամիասնությունը, իսկ թե ի՞նչ ծանոթ- բարեկամի մասին էր խոսքը, հորդորեց հարց ուղղել հանձնաժողովի նախագահին.
«Գնացե՛ք, հանձնաժողովի նախագահին հարցրե՛ք, երեկ երեկոյան Սարգսյանը, Թունյանը, Սիսեղյանը և ևս մեկը հանդիպեցին, էդ 4-րդ մարդը ո՞վ էր և ո՞ւմ անձնական շահերն էր ուզում պաշտպանել: Ես իմ ժողովրդի, աշխատողների ցավը տանեմ, ես իրանց հետ հանդիպման էլ եմ գնալու»: