Օպերային հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների նստացույցը Մաշտոցի պողոտայում կասեցվեց։ Մեծ թվով ոստիկաններ, ուժ կիրառելով, ցուցարարներին հանեցին փողոցից՝ վերականգնելով երթևեկությունը Թումանյան-Մաշտոց խաչմերուկում։ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Խուդինյանը հայտնեց, որ կամ բերման ենթարկվածներ, սակայն հստակ թիվ չցանկացավ նշել։
Այժմ ցուցարարները փակել են Թումանյան փողոցից Հյուսիսային պողոտա տանող ճանապարհը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը դեռ տարեսկզբին հայտարարել էր, որ Օպերային թատրոնին ամենամոտը գտնվող սրճարանները պետք է ապամոնտաժվեն և տարածքը կանաչապատվի: Դեկտեմբերին համապատասխան ծանուցում էր ուղարկել տնտեսվարողներին, որոնք վարձակալելով համայնքային տարածքները՝ սրճարանային բիզնես են իրականցնում: