Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ օծվել և տեղադրվել է Մայր տաճարի գմբեթի խաչը:
««Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց
Մայր տաճարի գմբեթի խաչը
Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին և կարևոր նշանակությանն ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։
Տոնի բերկրանքը հավելվեց մեկ այլ նշանակալի իրադարձությամբ։ Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը։ Տաճարի հին խաչը, որը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։
Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։
Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նաև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:
Հոգևոր դասը և ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատև իրականացման համար։
Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվեց Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվեց և տեղադրվեց տաճարի գմբեթին։
Ն.Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ
«Գոհանամք զՔէն, Հայր ամենակալ, որ պատրաստեցեր
մեզ նաւահանգիստ Սուրբ զԵկեղեցի, տաճար սրբութեան,
ուր փառաբանի Սուրբ Երրորդութիւնդ»
(Պատարագամատույց)
Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրության հիշատակի օրն է։ Այս նշանակալի տոնի բերկրանքը մեր սրտերում սրբալույս մյուռոնով օծեցինք նորակերտ այս խաչը, որը քիչ հետո, միասնական գոհաբանությամբ ու փառաբանությամբ առ Աստված, պիտի վերատեղադրվի համայն հայության Սրբություն Սրբոց աստվածակառույց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին։ «Գոհություն ենք հայտնում Քեզ, Հայր Ամենակալ, որ պատրաստեցիր մեզ համար որպես նավահանգիստ Սուրբ Եկեղեցին, տաճարը սրբության, որտեղ փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ»։
Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով՝ որպես Երկնավորի անհուն սիրո վկայություն հանդեպ մեր ժողովուրդը։ Մարդկության Փրկիչը իջավ հայոց աշխարհ` ի տես Սուրբ Գրիգոր Լուսավորչի, և ցույց տվեց հայոց սրբազնասուրբ Մայր տաճարի կառուցման վայրը։ Բիբլիական Արարատի դիմաց վեր հառնեց հայոց աստվածաշնորհ տաճարը՝ Լուսավորիչ Հայրապետի, Հայոց Տրդատ արքայի և հավատացյալ ժողովրդի ջանքերով։ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղավ և այսօր էլ է ու միշտ պիտի լինի այն ամուր վեմը, որի վրա խարսխված է հայոց հավատքը, որով կերտվել է հայոց ինքնությունն ու վերակերտվել հայոց պետականությունը։ Արդարև, Էջմիածինն է մեր ժողովրդին ազգային արժեքներով միաբան պահպանել և առաջնորդել դեպի հայրենի անկախության նոր հորիզոններ։ Քրիստոսահիմն ոսկեխարիսխ Սուրբ Էջմիածինը այն նավահանգիստն է, որտեղ դարերի արհավիրքներից ու ալեկոծություններից խաղաղություն է գտել հավատավոր մեր ժողովուրդը, հույսով առատացել, հաղթանակի նոր ուժ ու զորություն առել։ Այստեղ է Ավարայրի, Սարդարապատի, արցախյան ազատամարտերի հաղթության ոգին զորացել, այստեղ են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազում գաղթական հայորդիք օգնություն ստացել, մխիթարությամբ սփոփվել և նոր կյանքի ավիշով լցվել։ Էջմիածնի Մայր տաճարը Տիրոջ դրոշմն է հայոց հողում, հայոց կյանքում և հայոց հոգիներում, որի երկնառաք անմար լույսը ճառագում է աշխարհասփյուռ մեր բոլոր եկեղեցիներից։ Այն թանկագին մարգարիտ է, որը միշտ պիտի շողա որպես հոգևոր գանձ մեր բարեպաշտ ժողովրդի հավատքի անդաստանում: «Ուրա՛խ եղիր, Սուրբ Եկեղեցի, քանզի Քրիստոս՝ Արքան երկնից, քեզ պսակեց Իր խաչով»:
Սիրելիներ, այս տոնական օրը վերստին հայցենք Բարձրյալն Աստծո զորակցությունը, որ շուտափույթ հաղթահարենք համավարակի ճգնաժամը և սիրով ու համերաշխությամբ ընթանանք դեպի ազգային-եկեղեցական կյանքի նոր առաջընթաց: Աղոթենք, որ Աստված խաղաղություն ու շինություն շնորհի աշխարհին, բարօրություն, ապահովություն պարգևի մեր հայրենիքին և իր երկնառաք բյուր օրհնություններն ու զորակցությունը համայն մեր ժողովրդին: Շարականագրի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին համահունչ՝ համայն ազգիս ջանքերով, անկախ պետականության հովանու ներքո թող միշտ շեն լինի Մայր Աթոռը, հավետ շողարձակի լույսը Սուրբ Էջմիածնի, և պայծառ ու անսասան մնա քրիստոսահիմն Մայր տաճարը՝ ի վայելումն ազգիս հայոց և ի փառս Ամենասուրբ Երրորդության. ամեն»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1387713414753959?__tn__=K-R