Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) 4 տարի ժամկետով զրկեց Ռուսաստանին խոշոր սպորտային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, այդ թվում՝ Օլիմպիական խաղերն ու Աշխարհի առաջնությունները։ ՌԴ-ն նաև զրկվեց իր տարածքում միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքից։
Այնուհետև, արդեն այս տարվա հունվարի 9-ին, WADA-ն դիմեց Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ ՌՈւՍԱԴԱ-ի դեմ հայցով, որով գործակալությունը պահանջում է հիմնավորված և օրինաչափ ճանաչել ռուսական կողմին կարգավիճակից զրկելը, ինչպես նաև կիրառել համապատասխան պատճամիջոցներ։
ՌՈւՍԱԴԱՆ-ն կլինի պատասխանող կողմը։ Մինչև հունվարի 19-ը դատական պրոցեսին մասնակցելու համար կարող են հայտ ներկայացնել այն կազմակերպությունները, որոնց շահերի հետ հնարավոր է առնչություն ունենա ՌՈւՍԱԴԱ-ի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Նշված կազմակերպություններն են՝ ՄՕԿ-ը, ՄՊԿ-ն, ՌՕԿ-ը, ՌՊԿ-ն ու միջազգային ֆեդերացիաները, որոնք կարող են դատական պրոցեսին հանդես գալ որպես երրորդ կողմ։
ՌՕԿ-ի (Ռուսաստանի օլիմպիական կոմիտե) մասնակցությունն արդեն հաստատվել է ու առաջիկա օրերին կոմիտեն կմիանա դատական պրոցեսին։ Այս մասին տեղեկացնում է РБК-ն։