«Սթափ հոկտեմբեր» կամ «չոր հունվար» նախաձեռնություններին մասնակցելը դարձել է տարածված միջոց՝ սեփական սովորությունները վերանայելու համար, սակայն բժշկական հետազոտողներն ընդգծում են, որ նույնիսկ մեկամսյա հրաժարումն առաջացնում է չափելի ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Ընդ որում, ինչպես հաղորդում է DNyuz-ը, մարդիկ այս մարտահրավերին միանում են ինչպես զուտ հետաքրքրությունիցդրդված, այնպես էլ առողջական որոշակի նպատակներով՝ բարելավելու քունը, իջեցնելու արյան ճնշումը կամ վերահսկելու ալկոհոլի օգտագործումը։
Բժիշկները զգուշացնում են, որ ծանր կախվածություն ունեցող անձինք պետք է խորհրդակցեն մասնագետի հետ՝ կտրուկ դադարեցման վտանգավոր հետևանքներից խուսափելու համար: Այնուամենայնիվ, նրանց համար, ովքեր կարող են անվտանգ կերպով դադարեցնել օգտագործումը, մարմինն սկսում է վերականգնվել արդեն առաջին օրերից և շաբաթներից:
Քնի որակի արագ բարելավում և տրամադրության կարգավորում
Առաջին դրական փոփոխություններից է քնի որակի բարելավումը։ Փիթսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնի նյարդաբանության դոցենտ Ջոաննա Ֆոնգ-Իսարիավոնգսեի խոսքով՝ թեև ալկոհոլը կարող է արագացնել քնկոտության առաջացումը, այն խաթարում է գիշերային հանգիստը՝ հանգեցնելով հաճախակի արթնացումների։ RWJBarnabas Health հաստատության բժշկական տնօրեն Ալեքսիս ԼաՊիետրան նշում է, որ առանց ալկոհոլի անցկացված գիշերները մարդուն ավելի հանգստացած և վերականգնված են դարձնում հաջորդ օրը:
Թաֆթսի համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր Մայքլ Սիգելի բացատրությամբ՝ ալկոհոլը կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտ է: Չնայած այն կարող է կարճաժամկետ բարձրացնել տրամադրությունը, դրան հաջորդող անկումը հաճախ մարդուն թողնում է ավելի տագնապած կամ ընկճված վիճակում: Ժամանակավոր հրաժարումն օգնում է կոտրել այս ցիկլը, թեև սկզբնական շրջանում հնարավոր են ձանձրույթ կամ հուզական որոշակի դժվարություններ:
Լյարդի ֆունկցիայի և արյան ճնշման վերականգնում
Լյարդը պատասխանատու է ալկոհոլի մշակման համար, որի ընթացքում առաջանում է թունավոր նյութ՝ ացետալդեհիդ։ Այն վնասում է լյարդի բջիջները և նպաստում ճարպակալման ու բորբոքման զարգացմանը։ ԼաՊիետրայի համաձայն՝ մինչդեռ թեթև կամ հազվադեպ օգտագործումը հնարավոր է անհետևանք անցնի առողջ մարդկանց համար, կանոնավոր չափազանց շատ օգտագործումը կտրուկ բարձրացնում է ցիռոզի և ճարպային հեպատիտի ռիսկը։ Ալկոհոլից հրաժարվելը լյարդին հանգստանալու հնարավորություն է տալիս, և վնասվածքները, այդ թվում՝ ճարպային հեպատիտը, հաճախ կարող են ամբողջությամբ հետ զարգանալ։
Դրական տեղաշարժեր են նկատվում նաև արյան ճնշման ցուցանիշներում։ «Hypertension» ամսագրում հրապարակված վերջին հետազոտության համաձայն՝ նույնիսկ օրական մեկ չափաբաժինը կարող է բարձրացնել ճնշումը։ Սիգելի խոսքով՝ մեկամսյա դադարը հատկապես օգտակար է հիպերտոնիա ունեցող անձանց համար՝ ճնշումը վերահսկողության տակ պահելու հարցում:
Երկարաժամկետ հեռանկարներ և սահմանափակումներ
Չնայած կարճաժամկետ օգուտներին, փորձագետները շեշտում են, որ որոշակի ռիսկեր, ինչպիսին է քաղցկեղի հավանականությունը, պահանջում են ավելի երկարաժամկետ կամ մշտական հրաժարում, քանի որ ալկոհոլը հանդիսանում է քաղցկեղածին նյութ: Ավելին, եթե մարդը նոյեմբերից կամ փետրվարից կրկնի նախկին սովորությունները, քնի և տրամադրության բարելավման շահերը հաճախ արագորեն չեզոքանում են։ Այդուհանդերձ, նմանատիպ նախաձեռնությունները շատերին օգնում են վերաիմաստավորել սեփական վերաբերմունքը ալկոհոլի նկատմամբ:

