WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կարտաքսվի «մի քանի ժամվա կամ օրվա» ընթացքում: Այս մասին կազմակերպությունն ապրիլի 4-ին հայտնել է թվիթերյան իր էջում։
«Էկվադորում բարձրաստիճան մի աղբյուր WikiLeaks-ին հայտնել է, որ Ջուլիան Ասանժն Էկվադորի դեսպանատնից կարտաքսվի մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից` ինչպես նշել է WikiLeaks-ը, Էկվադորը և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են կնքել Ասանժի կալանավորման մասին:
Ավելի ուշ Էկվադորի արտաքին գործերի նախարարությունում դեսպանատնից Ասանժի արտաքսման վերաբերյալ հաղորդումներն ասեկոսեներ են անվանել: Ասանժը 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում է, որտեղ նրան ապաստան է տրամադրվել:
WikiLeaks-ի հիմնադիրն այդ կերպ փորձում է խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կալանելու հրաման է տրված «սեռական բնույթի գործողությունների հարկադրման և սեռական ոտնձգության», ինչպես նաև բռնաբարության մեղադրանքների կապակցությամբ:
Ասանժի գլխավոր անհանգստությունն այն էր, որ Շվեդիան իրեն կարտաքսի ԱՄՆ, որտեղ ավստրալացուն մինչև 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ է սպառնում Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։
