fbpx
Կառավարություն

Խաղային տարածքներ մուտք գործելուց առաջ այսուհետ անձի տարիքը կստուգվի

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 28-ին կառավարության նիստում ներկայացրեց ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը»: Նա նշեց՝ ակնկալիքն է, որ մոլախաղերով հրապուրվելը դառնա ավելի դժվար:

Նախագծով սահմանվում է, որ անձի տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն տրվի մուտք գործել և խաղերին մասնակցություն ունենալ, բացի այդ, եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան նաև կայացված դատական վճիռներ, այդ անձանց մուտքը խաղային տարածքներ ևս կսահմանափակվի: Ջանջուղազյանն ասաց, որ կա նաև կարգավորումների թուլացում, խաղային բնագավառում գործունեության կազմակերպչին թույլ է տրվում կազմակերպել նաև հարակից ծառայություններ՝ ինտերնետ սպասարկում, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ծրագրային ապահովում, դրա սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություն, աշխատակիցների և տոմսերի վաճառքի կետերում հարմարավետությունն ապահովելու համար հանրային սննդի գործունեության կազմակերպում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ կարո՞ղ է իրավիճակ ստեղծվել, որ ինտերնետ-շահումով խաղերի օտարերկրյա կազմակերպիչներն առավելություն ունենան:

«Այդ հարցը ևս բալանսավորե՞լ ենք, թե՞ նման խնդիր չունենք»,- հետաքրքրվեց նա:

Ջանջուղազյանն ասաց, որ կազմակերպիչների առջև այդ խնդիրը դրված է, բայց մասնակիցների՝ այդ խաղերից օգտվելը սահմանափակելու խնդիրը լուծված չէ:

«Աշխարհում նման հաջողված փորձ չկա, որ հնարավոր լինի սահմանափակել մասնակիցների համար, բայց կազմակերպելու տեսակետից կա դրույթ, որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցելու հնարավորության ստեղծումը, դա արգելվում է կազմակերպչի համար»,- ասաց նա:

Նախարարը նաև հայտնեց՝ այս նախագծով հանրային նշանակության օբյեկտներ (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առևտրի սրահ, զվարճանքի և հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը: Նախագիծն ընդունվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ