fbpx
Սպորտ

Խաշմանյան. Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ. այն ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է լեգեոներների սահմանափակման քննարկումների վերջին զարգացումներին` կապված հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար ՄալաքյանիԳոռ Մալաքյանի և Էդգար Մանուչարյանիհայտարարություններին:

«Ես միշտ ունեցել եմ իմ կարծիքը և արտահայտել եմ այն ցանկացած իրավիճակում, ի տարբերություն ուրիշների:

Տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննարկումների մեջ և չեմ էլ կարդացել ոչ մի գրառում: Խոսել եմ սկզբունքի մասին և հայտնել եմ կարծիք, որն իմ իրավունքն է: Ինձ տեղյակ պահեցին որ ֆուտբոլիստ է պատասխանել իմ կարծիքին: Ասեմ, որ նման քննարկումների ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ պետք է կարծիք չունենա, քանի որ ֆուտբոլիստները խոսում են իրենց շահերից ելնելով:

Հայաստանում 10 տարի է նույն պատկերն է տիրում, լեգեոներների հետ կապված: Միշտ նույն վիճակն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ, այդ 10 տարիներին չէին խոսում լեգեոներների լիմիտի մասին, իսկ հիմա սկսել են խոսել: Պատասխանը սա է, քանի որ այ ժամանակ խաղում էին, հիմա արդեն դժվարանում են խաղալ, քանի որ իրենց թիմերի կազմում կորցնում են իրենց տեղը և մրցունակ չեն:

Քննարկումների մեջ պետք է լինեն ակումբները՝ գլխավոր մարզիչներով և նախագահներով՝ ֆեդերացիայի հովանու տակ: Տեսել եմ, որ Գևորգ Ղազարյանը, նույնպես կարծիք է հայտնել: Ասեմ, որ շատ եմ հարգում Գևորգին, առաջին հերթին որպես մարդ, երկրորդ հերթին շատ եմ գնահատում նրա ծառայությունները մեր ֆուտբոլում:

Ինչ վերաբերվում է, թե ով է մտածում հայկական ֆուտբոլի մասին կամ ով է ավելի շատ օգուտ տվել, կասեմ հետևյալը՝ թող դնեն նժարին և համեմատեն մեր ֆուտբոլային գործունեությունը՝ խաղացած տարիներից մինչև մարզչական կարիերա և գնահատական տան: Վերջում, ես չեմ վիրավորել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկի ասածը, այլ հայտնել եմ կարծիքս: Եթե որևէ մեկը ցանկանում է անձնավորել, ապա բոլորն էլ գիտեմ իմ կոնտակտները: Ի տարբերություն մի քանիսի՝ Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ և այդ ժամանակը ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար»,- ասել է անվանի մասնագետը:

Խաշմանյանը, հիշեցնենք, երևանյան ակումբի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ