Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 10-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և քվեարկությամբ ընդունվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը:

»Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում կառավարությունն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբացության առաջարկը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին և անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Փաթեթի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անհասկանալի է համարել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության առանձին գրասենյակ ստեղծելը:

Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբացության դիրքորոշումը, նշել է, որ ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարունում պետք է ունենա մասնագիտական փորձառություն, լինի պրոֆեսիոնալ: Պատգամավորը կոչ է արել խորհրդարանին կողմ քվեարկել նախաձեռնությանն այն փոփոխություններով, որոնց դրական եզրակացություն է տվել հանձնաժողովը:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է առանձին գրասենյակ ստեղծելուն, որի նպատակն է բարձրացնել Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության աստիճանը, թույլ տալ, որ խնդրով զբաղվեն մասնագիտական փորձառությամբ անձինք: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Ամենաթարմ