ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի թեկնածության և թեկնածուի ընտրության համար ԱԺ առաջադրման մասին հարցը:
Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնելով թեկնածուի՝ Հասմիկ Ղահրամանյանի կենսագրությունը, կարևորել է մասնագիտական որակները, աշխատանքային բազմափորձությունը:
1995 թվականից նա աշխատաում է Կենտրոնական բանկում, ղեկավարում է Դրամավարկային քաղաքականության վարչությունը, տնտեսագիտության թեկնածու է, ատենախոսության թեման՝ «Գնաճը, դրա դրսևորման առանձնահատկությունները և մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», գիտական հոդվածների հեղինակ է, տիրապետում է օտար լեզուների:
Հասմիկ Ղահրամանյանի հավաստմամբ՝ ՀՀ ԿԲ-ն մշտապես զարգացող կառույց է: Ըստ նրա՝ տնտեսական աճի հիմնասյուններ են գների և ֆինանսական կայունության ապահովումը, ինչն իրականացնում է երկրի գլխավոր դրամատունը:
Բանախոսին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են գնաճին, դրա զսպման մեխանիզմների կատարելագործմանը, երկարաժամկետ հատվածում ֆինանսական կայունության ու տնտեսական աճի ապահովման խնդիրներին:
Հանձնաժողովականները 4 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցին տվել են դրական եզրակացություն: Ազգային ժողովը ՀՀ ԿԲ խորհրդի կազմում կառաջադրի Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը: