ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ քրեական վարույթների շրջանակներում փորձաքննությունների նշանակման և անցկացման ընթացքում առաջացող համակարգային խնդիրները քննարկելու նպատակով:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության և դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետությունում գործող փորձագիտական գործունեություն ծավալող պետական հաստատությունների ղեկավարները, նախաքննական բոլոր մարմինների և ոստիկանության ներկայացուցիչները:
Մոտ 4 ժամ տևած խորհդրակցության ընթացքում մանրամասն և համակողմանի քննարկվել են քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների որակի և արդյունավետության վրա ազդող բացասական բոլոր օբեյկտիվ և սուբյեկտիվ գործոնները, դրանց պատճառները, խնդիրների լուծման եղանակները:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ նախորդ մի քանի ամիսներին ՀՀ գլխավոր դատախազությունում համակողմանի ուսումնասիրվել են քրեական հետապնդման բոլոր մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերով նշանակված այն փորձաքննությունները, որոնց կատարումը, 2019թ. մարտի 25-ի դրությամբ, տևել է երկու ամսից ավելի։ Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ պահի դրությամբ կատարման փուլում է գտնվել երկու ամսից ավելի տևած 916 փորձաքննություն: Դրանց 12%-ն ընթացքի մեջ է եղել 2-4 ամիս, 12%-ը՝ 4-6 ամիս, 35,6 %-ը՝ 6-8 ամիս, 21,7%-ը՝ 8-12 ամիս, 16,4%-ը 12 ամիս իսկ 7,5%-ը՝ դրանից ավելի: 1 տարուց ավել ձգվող փորձաքննությունների մեջ գերակշռող քանակ են կազմում դատահաշվապահական փորձաքննությունները:
Խորհրդակցությանը կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկման ընթացքում արձանագրվել է, որ փորձաքննությունների ձգձգումները, որոնք ազդում են նաև նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված նաև քրեական վարույթի մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման վրա, պայմանավորված են հիմնականում մի քանի գործոնով: Դրանցից են փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, ինչի վրա նաև ազդում է քրեական վարույթների թվի աճը, փորձագիտական կենտրոնների՝ ժամանակակից գիտական, տեխնիկական և մեթոդական համալրվածության զգալի պակասը, փորձագիտական կենտրոններում մասնագետների սակավությունը, որի հիմնական պատճառներից մեկն էլ, իր հերթին ցածր վարձատրությունն է, սոցիալական թույլ երաշխիքները, և որը դժվարացնում է փորձաքննությունների կատարումը: Նման բացասական գործոններից են նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից փորձագետներին ոչ նպատակային և անորոշ հարցերի առաջադրումը, դրան հակառակ՝ եզրակացությամբ առաջադրված ոչ բոլոր հարցերին փորձագետի կողմից տրվող լիարժեք ու գիտականորեն հիմնավորված պատասխանները, ինչն առաջացնում է լրացուցիչ, կրկնակի փորձաքննություններ նշանակելու խնդիր: Էական ազդեցություն ունի նաև փորձաքննության կատարման ժամկետների՝ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չլինելու հանգամանքը:
Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ ՀՀ-ում դեռևս չի գործում դատափորձագիտական գործունեության մասին օրենք, ինչը նշանակում է, որ ոլորտը միասնական ու համակողմանի իրավակարգավորում չունի՝ դրանից բխող բազմաթիվ խնդրահարույց տեղային, տարբերվող մոտեցումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։
Խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել հատկապես հանցագործության բացահայտման, մեղադրանքի հիմնավորման և քրեական գործի ելքի համար որևէ էական նշանակություն չունեցող փորձաքննությունների նշանակման վրա: Նման վարքագիծը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ցավոք, պահպանվում է ավանդաբար, հին կարծրատիպերով առաջնորդվելու պատճառով, ինչն անհրաժեշտ է հաղթահարել՝ փորձաքննությունների նշանակումը պայմանավորելով բացառապես կոնկրետ գործով իրավական գնահատականներ տալու համար դրանց կարևորության հանգամանքով՝ հաշվի առնելով գիտատեխնիկական ժամանակակից ձեռբերումները:
ՀՀ գլխավոր դատախազը փորձագիտական հաստատությունների արդյունավետության տեսանկյունից առանձնացրել է դրանց մասնագիտական ռեսուրսներով համալրման, փորձագիտական գործունեությունը որակավորման ենթարկելու, փորձագետների կարողությունների և հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազը փորձագիտական կենտրոնների ղեկավարներին առաջարկել է իրականացնել մասնագիտական ռեսուսրների գնահատում՝ ինչպես կադրային համալրման, այնպես էլ այդ աշխատանքի գրավչությունն ապահովելու տեսանկյունից պատշաճ վարձատրության խնդիրը լուծելու համար, և ներկայացնել դրանց հետ կապված հիմնավորված առաջարկություններ: Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորել է նաև, մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա կոնկրետ ոլորտային կադրերի պատրաստման և մասնագիտական բանկի ստեղծման ուղղությամբ գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը:
Գլխավոր դատախազը նշել է, որ բազմաթիվ ուղղություններով հայաստանյան փորձագիտական կենտրոնների պոտենցիալը չի համապատասխանում ժամանակակից գիտատեխնիկական և մեթոդաբանական զարգացման միտումներին, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակակից փորձագիտական սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Նա հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների կարիքների գնահատում՝ դրանց ձեռքբերման ուղղությամբ կառավարության աջակցությամբ համակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթների շրջանակում փորձաքննությունների նշանակման և իրականացման ոլորտի բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորմամբ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ նախորդ տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ամենասեղմ ժամկետներում մշակելու դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ:
Խորհրդակցության ավարտին գլխավոր դատախազը մի քանի հանձնարարություններ է տվել՝ ուղղված իրենց գործառույթների շրջանակներում քրեական հետապնդման մարմինների և փորձագիտական կենտրոնների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության տեսանկյունից չափազանց կարևոր է եզրակացությունները կազմելիս փորձագետների՝ բացառապես իրենց մասնագիտական գնահատականների շրջանակում մնալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազի՝ անգամ գերժամանակակից սարքավորումներով համալրումը ոչինչ չարժե, եթե իրենց պարտականությունները կատարելիս փորձագետները, քրեական հետապնդման մարմինները դուրս են գալու իրավասությունների սահմաններից և տուրք են տալու անձնական շահերի, հանցավոր հետաքրքրությունների բավարարմանը:
Արթուր Դավթյանն զգուշացրել է, որ որևէ նման դրսևորում պատժվելու է խստագույնս։