fbpx
Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը խոստացել է ընդլայնել ԿԺԴՀ-ի անօդաչուների դեմ պայքարելու հնարավորությունները

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խոստացել է ուժեղացնել զինվորականների հսկողության և հետախուզական կարողությունները՝ կապված ԿԺԴՀ-ի գործողությունների հետ:

«Կարծում եմ՝ մարդիկ հստակ տեսան, թե որքան վտանգավոր է Հյուսիսային Կորեայի հանդեպ այն քաղաքականությունը, որը հույսը դնում է Հյուսիսային Կորեայի լավ մտադրությունների և ռազմական համաձայնությունների վրա», – ասել է Յուն Սոկ Յոլը նախարարների կաբինետի նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպը հստակ ցույց է տվել, որ հարավկորեական զինված ուժերի մարտական պատրաստությունը և նրանց պատրաստվածությունը «շատ անբավարար» Է եղել և ուժեղացվելու կարիք ունի:

«Մենք նախատեսում էինք անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանում ստեղծել, որը Հյուսիսային Կորեայի առանցքային ռազմական օբյեկտների նկատմամբ կիրականացներ հսկողություն և հետախուզություն, սակայն երեկվա միջադեպից հետո մենք հնարավորինս կարագացնենք անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման ստեղծումը: Մենք կամրապնդենք մեր հսկողության և հետախուզության հնարավորությունները՝ գործածության մեջ դնելով ժամանակակից ,անտեսանելիե անօդաչու թռչող սարքեր», – նշել է Հարավային Կորեայի նախագահը։

Հյուսիսային Կորեան դեկտեմբերի 26-ին սահմանազատման գծից այն կողմ՝ դեպի Հարավային Կորեա է ուղարկել հինգ անօդաչու, որոնցից մեկին հաջողվել է թռչել Սեուլի հյուսիսային շրջանների վրայով: Այդ ընթացքում մնացած անօդաչու թռչող սարքերը թռել են Հարավային Կորեայի արևմտյան ափի մոտ գտնվող Գանգվադո կղզու վրայով:

Սեուլի վրայով թռչող անօդաչուն վերադարձել է Հյուսիսային Կորեա, իսկ մյուսներն անհետացել են հարավկորեական ռադարներից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հարավկորեական հրամանատարությունն օդ է բարձրացրել կործանիչներ և գրոհային ուղղաթիռներ և նախազգուշական կրակոցներ է արձակել հյուսիսկորեական ԱԹՍ-ների ուղղությամբ: 2017 թ.-ից ի վեր Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ները երեկ առաջին անգամ են մոտեցել Հարավային Կորեայի օդային սահմանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ