Հունիսի 15-ին լրագրողները զրուցել են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ մի շարք հարցերի շուրջ:
Անդրադառնալով դատարանում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին՝ Լևոն Քոչարյանը նշել է. «Համարում եմ, որ մարդկանց մոլորեցրել են եւ դա կոնկրետ նպատակ է հետապնդել որոշ շրջանակների կողմից»:
Լրագրողները նաև հարցրել են. ի՞նչ եք զգում, երբ տուժողի հայրը դիմում է ձեր ընտանիքին, որին ի պատասխան Քոչարյանը պատասխանեց. «Շատ վատ եմ զգում և շատ վատ եմ զգում, որ դա իրականութունը չէ….Դա կոնկրետ նպատակ է հետապնդել, մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով են դա արել»: Ապա նա հավելեց. «40 օրում պետք է բացահայտվե՞ր այդ ամենը, ի՞նչ եք կարծում»:
Այն դիտարկմանը, որ սպանություններից մեկի դրվագով կալանավորվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, Լևոն Քոչարյանը արձագանքեց. «Առաջին շահագրգռված մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն, շատ ցավալի է, որ այդ ամեն ինչը փորձում են մեր հետ կապել»:
Լևոն Քոչարյանը հերքեց այն լուրերը, թե, ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ակցիաները կազմակերպում է ինքը և դրա համար գումար է բաժանվում. «Եթե կան փաստեր, խնդրում եմ, ինձ էլ ասեք, որովհետև ինձ իմ համար շատ ցավալի կլինի, եթե մարդ պետք ա գա էստեղ կանգնի, աջակցի գումարի համար»:
Հարցին, թե ձեզ չի՞ հետաքրքրում ակցիայի ժամանակ հավաքվածներին պիցցան, սառը ջուրը որտեղից, Քոչարյանն ասաց, որ իր ընկերներից ակցիային մարդիկ կան, ովքեր փորձում են մարդկանց հարմարավետությունը կազմակերպել: Իսկ այն հարցին՝ եթե այս հարմարավետությունը չկազմակերպվի, նրանք կգա՞ն ակցիային, Լևոն Քոչարյանը ասաց, որ կարծում է, որ կգան:
Քոչարյանն անդրադարձավ նաև իրենց ընտանիքի հարստացման թեմային՝ ասաց. «Եթե խոսքը միլիարդների մասին է… եկեք այսպես պայմանավորվենք՝ միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք, գտեք՝ որտեղ է պահված, միասին կիսվենք»:
Նաև հարց հնչեց՝ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դարձավ, քանի՞ ունեցված ունեիք, որին ի պատասխան նա նշեց, որ տեղյակ չի: Մյուս հարցին՝ դուք այդ ժամանակ որտե՞ղ եք ապրել, Քոչարյանը պատասխանեց. «Մենք տարիներ շարունակ ապրել ենք կառավարական ամառանոցներում»: Ճշտող հարցին՝ ձեզ չի՞ հետաքրքրել այդ ունեցվածը որտեղից, Քոչարյանի որդին արձագանքեց. «Ինձ հետաքրքրել է այնքանով ինչքանով դա կա, տեսնում եմ»,- ասաց նա՝ պնդելով, որ ունեցվածքը վաստակել են արդար քրտինքով և այդ ճանապարհին ապօրինություններ թույլ չեն տվել։