Հունիսի 27-ին Երևանում մեկնարկած հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանը ելույթով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:
«Այս հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման մեր համատեղ ջանքերի հերթական ապացույցն է: Մեր կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, և միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ ևս կծառայի այդ համագործակցության խորացմանը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ մեր հարաբերություններին և կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Եվ մեր երկու երկրների վարչապետերի հստակ հանձնարարականն է նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը հասցնել երկու հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակի»,-ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը շեշտեց՝ հանձնաժողովի աշխատանքների հիմնական նպատակն է երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու համագործակցության նոր ուղղությունների մշակումը, ինչպես նաև երկկողմ հումանիտար կապերի ամրապնդումը: Ավինյանը նաև համոզվածություն հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:
«Հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են մեր երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը: Կարևոր ենք համարում նաև երկկողմ իրավապահ պայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքների իրականացումը, քանի որ համակարգում և լայն հնարավորություններ է ընձեռում մեր համագործակցության հետագա զարգացման համար»,-նշեց նա:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում մշտապես առանձնահատուկ տեղ է զբաղեցրել գործարարների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը, և այդ առումով հատկանշական համարեց, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում տեղի է ունենալու նաև հայ-վրացական գործարար համաժողով:
Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին ևս համոզվածություն հայտնեց, որ հանձնաժողովի նիստը հնարավորություն կտա էլ ավելի բարձր աստիճանի տեղափոխել այն հարաբերությունները, որ գոյություն ունեն երկու երկրների միջև:
«Մենք ողջունում ենք բոլոր հնարավորությունները, որ կստեղծվեն մեր երկու պետությունների միջև, որպեսզի երկխոսությունը միտված լինի կոնկրետ հարցերի լուծման: Անչափ կարևոր է տնտեսության բնագավառում մեր հարաբերությունների զարգացումը, որը հնարավորություն է տալիս մեր համագործակցությունն էլ ավելի խորացնել: Սակայն մենք տեսնում ենք հնարավորություն, որ միջազգային ասպարեզում մեր հարաբերություններն էլ ավելի խորանան»,-նշեց նա:
Փոխվարչապետի կարծիքով՝ միջկառավարական հանձնաժողովների կողքին երկու կողմից կանգնած է բիզնեսը, միայն գործարարների ակտիվ ներգրավվածությամբ է հնարավոր տնտեսական հարաբերությունների խորացումը: Նա նաև ներկայացրեց տնտեսական, հարկային ոլորտում այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են Վրաստանում:
«Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն աճում է այնպես, ինչպես աճում են ներդրումները Հայաստանից Վրաստան, զբոսաշրջությունը ևս այն բնագավառն է, որ զարգանում է երկու երկրների միջև»,-ասաց Մայա Ցկիտիշվիլին ու հույս հայտնեց, որ դինամիկան կաճի:
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1418363431639595?__xts__[0]=68.ARCn_0Id74Gjs3re1LoYtfz8zk6WivCuf7QyofHNYcBBxEmY7a4vx8YQ9b5KNpu4ZBfHcrO0-Q9fjH_dhHYw0sZTk0MvlVdQvEHyklo9SCZ0o0mqnPuVf1QU1iQ3etpRXaMFF8lKEtWi6VF045NdMFy6b-0atwoA3AEBUrGWwftFJlFEeYmvDI1H07pYCXeYN9hvS9CSbULhBRKQVba7aaggIi1xp4mLSLrr_oHVKOV500JzDibjm8BZETJzuNdjxloQfCWdl_NHFsesChwgm4V2CfxUpvu6Nkfaqxue-7Xk-Hnyug7wEM2pUshzS82bOLopxRqyStka9jwlqVJeySPkcMUrF-qn_hnmhTxKdLz3vnOfViOHF2c9wL6lUYe68ZRHFNA5hQyaHsf3psxBqUDbbUt3K46ImpzSbPvnHJRkeSA&__tn__=-R