Կառավարություն

Եթե հիվանդ մարդը չի կարող բանակում գրագիր լինել, ինչպե՞ս կարող է լինել առողջապահության նախարար. Գևորգ Թամամյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել արյունաբան Գևորգ Թամամյանը` փորձելով հարցեր տալ նախարարին, սակայն Թորոսյանն ասել է, որ չի ուզում խոսել նրա հետ և կիսատ է թողել ասուլիսը:

Նախարարի փոխարեն խոսել է Գևորգ Թամամյանը` նշելով, որ նախարարը խուսափել է զինծառայությունից, քանի որ նշվել է, թե ունի առողջական խնդիրներ, սակայն Ստեփանակերտում եղել է գրագիր, այնինչ դա հիմք չէ զինծառայությունից խուսափելու համար:

Թամամյանի խոսքով` հիվանդ մարդը, եթե չի կարող բանակում գրագիր լինել, ապա ինչպե՞ս կարող է լինել առողջապահության նախարար:

Նա նաև նշել է, որ բոլոր հիվանդանոցների կառավարող խորհուրդներում նշանակված են նախարարի մտերիմները: Թամամյանը հավելել է, որ ինքն ունի փաստեր, թե ինչպես է տարբեր ղեկավարող համակարգերում նախարար Արսեն Թորոսյանը նշանակում իր ծանոթներին ու մտերիմներին:

Այսօր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում նախատեսված էր նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, սակայն նախարարի խոսելու ժամանակ ներս է մտել Գևորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել Արսեն Թորոսյանին: Առողջապահության նախարարը թողել, հեռացել է, ինչից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Գևորգ Թամամյանը` ներկայացնելով այն խնդիրները, որոնք առաջ են եկել Արսեն Թորոսյանի օրոք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ