fbpx
Աշխարհ

Ընդդիմադիրները պահանջել են ամբողջությամբ չեղարկել Ստամբուլի 39 շրջաններում կայացած ընտրությունները

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և «İYİ» կուսակցությունը առանձին-առանձին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով ամբողջությամբ չեղարկել 2019թ․ մարտի 31-ին Ստամբուլի 39 շրջաններում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

ԺՀԿ փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքը հիշեցրել է, որ ԿԸՀ-ն ստամբուլյան ընտրությունների նման մի շարք այլ իրավիճակներում նախկինում կայացրած իր որոշումներում լրիվ հակադիր դրույթներ է առաջ քաշել։ Նախկինում ԿԸՀ-ն պնդել է, որ եթե ընտրական հանձնաժողովների անդամները սխալ սկզբունքով են նշանակվել, ապա նրանց պետք է պատժել, սակայն դա որևէ հիմք չի տալիս ընտրությունները չեղարկելու համար։

Էրքեքը հավելել է, որ անգամ մարտի 31-ի ընտրությունների արդյունքները բողոքարկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) չի ներկայացրել որևէ փաստարկ, որով ապացուցվեր, որ ընտրական հանձնաժողվների անդամները որևէ կերպ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

ԺՀԿ փոխնախագահը նաև նշել է, որ ԿԸՀ-ն պարզապես պարտավոր է չեղարկել Ստամբուլի 39 շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, քանի որ այդ ընտրությունները ևս նույն սկզբունքով են անցկացվել և արդյունքները նույն ծրարներից են դուրս եկել։

ԿԸՀ-ին իր ներկայացրած դիմումով ԺՀԿ-ն պահանջել է չեղարկել նաև 2018թ․ հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ