Թուրքիայի իշխանություններն ընդլայնել են այն անձանց ցուցակը, որոնց Շվեդիայից պահանջում են արտահանձնել՝ հայտնել է Radio Sweden ռադիոկայանը:
Նշվում է, որ նրանց թիվը 33-ից հասցրել են 42-ի, այդ անձանց ճնշող մեծամասնությունը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպություններին անդամակցելու համար: Ենթադրվում է, որ նրանցից 16-ը կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, 12-ը՝ Գյուլենի շարժման հետ, 7-ը՝ ձախակողմյան խմբավորումների։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ևս 7 անձ մեղադրվում է տարբեր տեսակի քրեական հանցագործությունների համար, օրինակ՝ մաքսանենգության:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվող անձանց արտահանձնումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման համար Անկարայի առանցքային պայմաններից մեկն է:
Օրեր առաջ Շվեդիայի Գերագույն դատարանը արգելափակել է արտաքսման մեջ գտնվող թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը: