Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Այս մասին հայտնել է ԱԺ-ը։
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության շարունակականությունը:
«Մենք մշտապես հետևում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը և չափազանց կարևորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որևէ այլ դրսևորում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ:
- Ալեն Սիմոնյան այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
- Ինչո՞ւ է ընդդիմությունը աշխատավարձ ստանում, ինչո՞ւ վայր չի դնում մանդատները․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլև հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը և 2020 թ. աղետալի պատերազմի հետևանքները:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան և տեղում կծանոթանա իրավիճակին, նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ:
Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը:
Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը և սիրով ընդունել փոխադարձ հրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: