Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Այս նիստին պաշտպանական կողմը պետք է ապահովի Մանվել Գրիգորյանի առողջության հարցով դատախազության միջնորդության հիման վրա ձևավորվող փորձագիտական խմբի աշխատանքներին ներգրավվող օտարերկրյա մասնագետների ներկայությունը, նախատեսվում էր, որ նրանք դատարան պետք է ներկայանային դեռ հուլիսի 16-ին տեղի ունեցած նիստին, սակայն պաշտպանական կողմը նշել էր, որ նրանց ներկայությունը կապահովեն այս նիստի ընթացքում:
Նշենք, որ նախորդ նիստին հնարավոր չէր եղել ապահովել Մանվել Գրիգորյանի ներկայությունը առողջական խնդիրների պատճառով, «Նաիրի» ԲԿ-ից համապատասխան գրություն փոխանցվել էր դատարանին:
Մինչ հետաձգելը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանը դիմում է ներկայացրել Հրանտ Կարապետյանին լիազորագիր ներկայացնելու խնդրանքով, որպեսզի նա Վարչական դատարանում, Վերաքննիչում, Վճռաբեկում իր անունից հանդես գա: Թե ի՞նչ նպատակով է Մանվել Գրիգորյանն ուզում դիմել վարչական դատարան ու ինչ պահանջով, դեռ հայտնի չէ: Մեղադրող կողմն ասել էր, որ չնայած հայտնի չէ, թե ինչ նպատակով է լիազորագիր ուզում, բայց չեն առարկում: Դատարանում պայմանավորվել էին, որ պատասխանում նշվի, որ լիազորագիրը տրվելու է՝ բացառապես միայն դատարանում հանդես գալու համար:

