Հայաստանում ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընտրացուցակները կլինեն առավելագույն ճշգրտված: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ հիմա այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվում: Ընտրացուցակների բարելավման համար եղել է Ոստիկանության պետի կողմից հրաման, որի համաձայն՝ տրվել են հանձնարարականներ Անձնագրային և վիզաների վարչությանը, ինչպես նաև ոստիկանության տարածքային բաժիններին, որպեսզի կատարվեն բնակարաններ այցելություններ և պարզեն անճշտությունները, եթե դրանք կան:
«Ընտրական օրենսգրքի տրամաբանությունն այնպես է կառուցված, որ բավական ժամանակ է տրամադրվում ընտրացուցակներում անճշտությունները վերանայելու համար: Ընտրողների նախնական ցուցակը հրապարակվում է քվեարկության օրվանից 40 օր առաջ: Վերջնական ցուցակը հրապարակվում է քվեարկության օրվանից երկու օր առաջ: Վստահեցնում եմ, որ այդ ժամանակահատվածում հնարավոր անճշտությունները կշտկվեն: Օրինակ, կարող են լինել տեղեկություններ, որ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և դա մեզ հասու չի եղել: Այս և նման այլ տեղեկությունները մենք կհավաքագրենք, կշտկենք, որպեսզի ունենանք որակյալ ընտրացուցակներ»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Շտկումների գործընթացն ակտիվ փուլում է, և ցուցակի ճշգրտված առաջին տարբերակը հրապարակվելու է մարտի 6-ին: Այնուհետև, ըստ օրենքով սահմանված կարգի, քվեարկությանը մասնակցող անձանց թիվը կհրապարակվի մարտի 16-ին, մարտի 26-ին և քվեարկության օրվանից երկու օր առաջ:
Մնացական Բիչախչյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքով քաղաքացիներին տրվում է երկու հնարավորություն: Օրինակ, անձը ՀՀ քաղաքացի է, սակայն Բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի հասցեով չունի հաշվառում: Սա դեռ չի նշանակում, որ նա չի կարող մասնակցել քվեարկությանը: Քաղաքացին, ով որոշակի ժամանակ բնակվելով օտարերկրյա պետությունում, ՀՀ-ի ռեգիստրում հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով, իրավունք ունի մինչև մարտի 26-ը դիմել ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն: Նա այնտեղ պետք է տեղեկացնի, թե քվեարկության օրը որ հասցեում է լինելու ու ներկայացնի հաշվառում չունեցող անձանց ցուցակում ընդգրկվելու պահանջ:
«Մենք կտրամադրենք տեղեկանք, որում կնշվի տեղամասի համարը: Այստեղ մի կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, եթե անձը գտնվում է օտարերկրյա պետությունում և մինչև մարտի 26-ը չի լինելու Հայաստանում, ապա այս գործընթացը կարող է կազմակերպել լիազորված անձի միջոցով: Ի դեպ, այս դեպքում լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Ընտրական օրենսգրքով սահմանված մյուս հնարավորությունն այն է, երբ քաղաքացին հաշվառված է մեկ այլ համայնքում և ինչ-ինչ պատճառներով քվեարկության օրը չի լինելու այդ վայրում, ապա կարող է մինչև մարտի 26-ը դիմել կամ գտնվելու վայրի, կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, որպեսզի ընտրողների ցուցակում ընդգրկվի ըստ գտնվելու վայրի: Նա կստանա տեղեկանք, կնշվի տեղամասի համարը և քվեարկելու օրը կարող է գնալ ընտրատեղամաս: Եթե անձը մինչև մարտի 26-ը չի կարող դիմել անձնագրային ծառայություն, ապա կրկին դա կարող է անել լիազորագրով, սակայն այս դեպքում լիազորագիրը նոտարական վավերացում է պահանջում:
2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակում ընդգրկված է եղել 2 մլն 573 հազար 779 անձ:
Աղբյուրը՝ Armenpress.am