Վերջին չորս տարիների ընթացքում YouTube-ը բովանդակություն ստեղծողներին և մեդիա ընկերություններին վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Այս հարթակը միլիոնավոր մարդկանց հնարավորություն է տվել իրենց հոբբին վերածել մասնագիտության։ Սակայն Հայաստանը դուրս է մնում այս գլոբալ ֆինանսական հոսքից։ Չնայած երկրում յութուբյան ալիքների աճին և Կառավարության խոստումներին, հայաստանյան բովանդակություն ստեղծողները դեռևս չեն կարող պաշտոնապես գումար աշխատել հարթակից։ Պատճառը այն է, որ Հայաստանը չի ընդգրկվել YouTube-ի գործընկերների ծրագրում, որը դրամայնացման հիմնական պայմանն է։ Այս մասին գրում է «Հետքը»։
YouTube պրոդյուսեր Տիգրան Ջորգնցյանը նշում է, որ մինչ 2018 թվականը հնարավոր էր գումար աշխատել տեղի դիտումներով, սակայն Google-ը սահմանափակեց այս հնարավորությունը այն երկրներում, որտեղ չունի ներկայացուցչություն։ Նրա խոսքով՝ COVID-19 համավարակի ժամանակ հայկական YouTube-ը բազմաբովանդակ դարձավ, սակայն այդ փոփոխությունները դեռ չեն նպաստել դրամայնացման ակտիվացմանը։ Կառավարությունը խոստացել էր, որ 2024-ին ծառայությունը հասանելի կդառնա, սակայն 2025 թվականի ավարտին այս հարցը դեռ լուծված չէ։ ԲՏԱ նախարարությունը վստահեցնում է, որ ակտիվորեն աշխատում է խնդրի ուղղությամբ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

