Օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այս բարձր պաշտոնում Ձեր առաքելության շարունակական իրագործմանը:
Երախտապարտ եմ այն կուռ հանձնառության համար, որով Հայաստանը հետամուտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությամբ ամրագրված արժեքների խրախուսմանը։ Որպես բազմակողմանիության պաշտպան՝ Հայաստանը սերտորեն համագործակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ 1992 թվականին կազմակերպությանն անդամակցելուց ի վեր, մասնավորապես՝ բոլորի համար հասանելի կրթության ապահովմանը միտված միջազգային համագործակցությունը խթանելու, մշակութային ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խոսքի ազատության ուղղություններով։
- Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. ՀՀ վարչապետ
- ՀՀ վարչապետի ամբողջական ելույթը՝ ԵԱՏՄ նիստին
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև՝ 2019 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի միջոցով, որը ներառված է «Աշխարհի հիշողությունը» ծրագրի ռեգիստրում հնագույն ձեռագրերի պահպանման գործում իրականացրած աշխատանքի համար:
Շարունակվող գլոբալ փորձությունների համատեքստում, ինչպիսիք են նոր տիպի կորոնավիրուսի համավարակը և կլիմայական փոփոխությունները՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, անդամ պետությունների հետ համագործակցությամբ, կենսական դեր է խաղում կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում առկա հրատապ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։
Վստահ եմ, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև գոյություն ունեցող ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում: Հավաստիացնում են Ձեզ, որ ես, իմ կողմից, ջանք չեմ խնայի այդ նպատակի իրագործման համար:
Կրկին շնորհավորում եմ և հղում հաջողության լավագույն մաղթանքներս»։