Ֆրանսիական Բիարից քաղաքում շարունակվում է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Օգոստոսի 26-ին գագաթնաժողովի վերջին՝ երրորդ օրն է:
Ամերիկյան պատվիրակության համար ամենամեծ անակնկալը եղել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ժամանումը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, վերջինս եկել է գագաթնաժողովն այս տարի հյուրընկալող երկրի ղեկավարի՝ Էմանուել Մակրոնի հրավերով: Շաբաթներ շարունակ Մակրոնը Թրամփին հորդորում էր մեղմացնել Իրանի նկատամամբ դիրքորոշումը, սակայն ապարդյուն: G7-ի ղեկավարների ոչ պաշտոնական ճաշի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ սեղանի շուրջ գտնվողները համաձայն են երկու հարցում՝ Իրանը միջուկային զենք չունենա և տարածաշրջանում անկայունություն չլինի:
Իսկ բրիտանական Guardian պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր գործընկերների հետ վիճաբանության մեջ է մտել՝ կապված Ռուսաստանը G8 ձևաչափ վերադարձնելու հետ: Ռուսաստանին այս ձևաչափ վերադարձնելու հարցում Թրամփի հետ համաձայնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոքություն է պահպանել, իսկ Մեծ Յոթնյակի երկրների մյուս ղեկավարները դեմ են եղել այդ գաղափարին:
Գագաթնաժողովի վերջին օրը աշխարհի գերտերությունների ղեկավարները քննարկելու են Ամազոնյան անտառներում հրդեհների մարմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օգնությունը: