Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհը թեթևացած շնչեց:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է հրաժարական ներկայացնել նրա հետ տարաձայնությունների պատճառով: Նա հայտնել էր, որ նախատեսում է հաջորդ շաբաթ հայտարարել, թե այդ պաշտոնում Բոլթոնին ով կփոխարինի: Բոլթոնն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդին ինքն է առաջարկել իր հրաժարականը:
«Մինչ աշխարհը, բացառությամբ խուճապահարների 2-3 խմբերի, թեթևացած շնչում էր՝ կապված Սպիտակ տանը «Բ խմբի» կողմնակցին ազատելու հետ, Պոմպեոն և Մնուչինը հայտարարել են Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության հետագա էսկալացիայի մասին»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարարը:
«Բ խումբ» Զարիֆն անվանում է ԱՄՆ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի և ԱՄԷ թագաժառանգ Մուհամմեդ բեն Զաիդ ալ Նահայանի «միավորումը»։
Բոլթոնի հրաժարականը տեղի է ունեցել ԱՄՆ և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ բազմակի հայտարարությունների ֆոնին։
Այսպես՝ Պոմպեոն Բոլթոնի հրաժարականից հետո ասել է, որ Թրամփի և Ռոհանիի հանդիպումը ՄԱԿ ԳՎ շրջանակում հնարավոր է։