«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային զարմացրել է այն, որ իր թիմի ոչ մի ֆուտբոլիստ տեղ չի գտել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդների ցանկում:
«Հնարավոր է՝ նոմինանտների ցանկում հայտնվելու համար հարկավոր է հաղթել հինգ կամ վեց տիտղոս կամ հավաքել 250 միավոր: Ես չեմ մտածում, որ կա ֆուտբոլիստ, որն ավելի լավ մրցաշրջան է անցկացրել, քան Բերնարդու Սիլվան, որը Պորտուգալիայի հավաքականի հետ հաղթեց Ազգերի լիգան:
Այդ մրցանակները կախված են Չեմպիոնների լիգայից: Մյուս մրցաշարերը նշանակություն չունեն: Ես չեմ ուզում ասել, որ նոմինանտները արժանի չեն դրան: Բայց ես շատ զարմացած եմ այդ ցանկում մեր խաղացողների բացակայությունից: Ֆուտբոլիստները 4 տիտղոս են հաղթել ու տեղ չեն գտել հավակնորդների ցանկում»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել BBC-ն:
Հավելենք, որ The Best մրցանակի նոմինանտներն են՝
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Մաթեյս դե Լիգտ («Այաքս»/«Յուվենտուս»), Էդեն Ազար («Չելսի»/«Ռեալ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյք (երկուսն էլ «Լիվերպուլ»):

