Հունվարի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվան ընդառաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը մեկնարկում է հերթական թեմատիկ արշավը, որն այս անգամ նվիրված է զենքերին՝ որպես պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։
Զենքը հաճախ ընկալվում է բացառապես ռազմական համատեքստում, սակայն պատմության ընթացքում այն եղել է ոչ միայն մարտական միջոց, այլև՝ ինքնապաշտպանության, պետականության, տեխնոլոգիական առաջընթացի և վարպետության արտահայտություն։
Տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված զենքերը արտացոլում են իրենց դարաշրջանի մտածողությունը, մարտահրավերները, արժեքներն ու տեխնիկական հնարավորությունները։
Մեր ֆոնդերում պահվող զենքերի հավաքածուն ընդգրկում է տարբեր ժամանակագրություններ՝ վկայելով, թե ինչպես են դարերի ընթացքում փոխվել պաշտպանական միջոցները, մարտավարությունն ու նյութական մշակույթը։ Դրանք լուռ վկաներ են այն պատմական միջավայրի, որտեղ ձևավորվել է հայ ժողովրդի դիմադրողականությունը, ինքնապաշտպանությունը, հետագայում նաև հայրենիքի պաշտպանության գաղափարը։
Այս արշավով նպատակ ունենք ներկայացնել զենքը ոչ թե որպես ագրեսիայի խորհրդանիշ, այլ որպես պատմական հիշողության կրող, մշակութային արժեք և ուսումնասիրության կարևոր աղբյուր։
Լուսանկարներում Դիլիջանի դաշույններ են (19-րդ դար), որոնք պահվում են Պահպանության ծառայության ֆոնդերում։
XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին, թեև հրազենը լայնորեն տարածված էր, սակայն դաշույնները շարունակում էին կիրառության մեջ մնալ լեռնային շրջանների բնակիչների և ազգային-ազատագրական շարժման գործիչների շրջանում։ Կիրառական նշանակությունից զատ, դաշույնները դեռևս հնագույն ժամանակներից ունեցել են նաև կարևոր խորհրդանշական դեր։ Ինչպես հայերի, այլնպես էլ շատ ժողովուրդների մոտ դաշույն կրելու ավանդույթը հանդիսացել է արիության և տղամարդկության խորհրդանիշ։ Այսօր էլ այդ ընկալումը որոշակիորեն պահպանվել է։ Տարբեր երկրներում սառը զենքը, հատկապես դրա շեղբավոր տեսակները, հանդիսանում են պաշտոնական, շքերթային- զինվորական համազգեստների կարևոր ատրիբուտ։

