Մադրիդի ղեկավարությունը որոշում է կայացրել այսօր երեկոյան Զինեդին Զիդանին նշանակել ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է Jugones de La Sexta ծրագրի ժամանակ և որը հաստատել է Marca հանդեսը։
Այսօր՝ ժամը 21:00-ին ղեկավարությունը ժողով կգումարի, որի ընթացքում կորոշվի Սոլարիի պաշտոնանկությունը և նրա կփոխարինի ֆրանսիացի մարզիչը, ով Մադրիդի հետ միասին Չեմպիոնների լիգայի երեք գավաթ է նվաճել։
Ինչպես հաղորդել է Marca-ն, AS-ը և այլ լրատվականներ, Զիդանը Պերեսի թեկնածուն էր։ Միակ խնդիրը նրան համոզելն էր վերադառնալ ակումբ, ինչը Պերեսին հաջողվել է։
Սոլարին արդեն գիտի, որ գլխավոր մարզչի պաշտոնի իր վերջին ժամերն են, և առավոտյան մարզումների ընթացքում հրաժեշտ է տվել բոլոր ֆուտբոլիստներին։ Ակումբը կարծում է, որ իրավիճակը անկառավարելի է դարձել և որ անհրաժեշտ է փոխել մարզիչին։
Հիշեցնենք, որ Զիդանը լքել էր իր պաշտոնը 9 ամիս առաջ Մադրիդի հետ անցկացրած հաջող խաղաշրջաններից հետո, բայց հիմա նա պետք է վերադառնա Լոպետեգիի և Սոլարիի անհաջողությունից հետո։
Այսօր երեկոյան պաշտոնապես կհայտարարվի նրա նշանակման լուրը, իսկ վաղը կամ չորեքշաբթի օրը նա առաջին մարզումները կանցկացնի ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հաղորդում է ծրագիրը, Մադրիդը ցանկանում է, որ Սոլարին ակումբի հետ կապի մեջ մնա՝ չնայած պաշտոնանկությանը։
Աղբյուրը՝realmadrid.ru