Դա բացարձակ անընդունելի նախագիծ է, դա նշանակում է, որ ըստ էության, հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց՝ իրենց պաշտոնները թողնելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով հնարավորություն է տրվում ՍԴ անդամներին մինչև հունվարի 31-ը վաղաժամ կենսաթոշակի գնալ և իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալ:
«Նրանք, ովքեր կհամաձայնեն այս նախագծի արդյունքում լքել իրենց պաշտոնները, պիտի շատ լավ մտածեն, որ ցանկացած հաջորդ իշխանության ժամանակ ոչ միայն վերադարձնելու են այն գումարները, որոնց դիմաց իրենք չեն ստացել, այլև, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Դիտարկմանը, որ կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ սա միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է և որևէ խնդրահարույց կետ իր մեջ չի պարունակում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իրրեն այդպիսի միջազգային պրակտիկա հայտնի չէ:
«Ես այստեղ տեսնում եմ խնդիր. քանի որ իրավական ճանապարհով չեն կարողանում խնդիրը լուծել, փորձում են ահա այսպիսի ճանապարհով լուծել: Ես գիտեմ, որ մարդը պետք է վարձատրվի իր կատարած աշխատանքի համար, սա աքսիոմա է»,-եզրափակեց Զոհրաբյանը։