fbpx
Զինված Ուժեր

12 օր վիրավոր մնացել եմ անտառում․ հայ ռազմագերու բացահայտումները

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չափեց մարդկային վախի ու խիզախության չափաբաժինը, ապրելու ու ապրեցնելու կամքը։ Ե․Ա․-ն մեկն էր այն հերոսներից, ովքեր խիզախությամբ քայլեցին դեպի փրկություն՝ պատրաստ լինելով անթարթ հայացքով նայելու անգամ մահվանը։ Նա մեկ ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: «Օգոստոսի 24-ին մեկնել եմ ծառայության։

Մինչև սեպտեմբերի 15-ը անցել եմ կարանտին։ Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին եղել ենք Ջաբրաիլի տարբեր դիրքերում, հետո տեղափոխվել ենք Հադրութ և մարտը շարունակել այնտեղ: Այդ ընթացքում կորուստներ ենք ունեցել թե՛ մենք, թե՛ հակառակորդը։»,- պատմում է Ե․Ա-ն։ Օրեր շարունակ պայքարից հետո Ե.Ա.-ն վիրավորվել է թևից։ 12 օրեր վիրավոր մնացել է անտառում՝ դիակներով ու վայրի կենդանիներով շրջապատված՝ առանց ջրի և սննդի։ Առաջին բուժօգնությունն ինքն է փորձել կատարել՝ ճտկակոշիկի կապիչներով։ Ասում է՝ փորձեց կապել, որ շատ չարնահոսի:

«Վիրավորված ժամանակ՝ առաջին 6 օրը ընդհանրապես չեմ շարժվել իմ տեղից, 6 օր սոված-ծարավ մնացել եմ քոլերի տակ։ Երբ հասկացա, որ էլ չեմ կարողանում զսպել ծարավի զգացումը, հիշեցի, որ ներքևում առվակ էի տեսել։ Փորձեցի շարժվել այդ ուղղությամբ։ Մտածեցի՝ թող սպանեն, մենակ թե մի կում ջուր խմեմ։ Բավականին արյուն էի կորցրել և չէի կարողանում ոտքերիս վրա նորմալ կանգնել։ Մի կերպ մոտեցա ինձնից մոտ 15-20 մետր հեռավորության վրա գտնվող խոցված մեքենային։ Գետնի վրա տեսա ջրափոս, մտածեցի՝ անձրևի ջրի կուտակում է։ Փորձեցի ջուր խմել։ Ձեռքերս մեկնեցի, որպեսզի ջուր խմեմ ու տեսա, որ ամբողջությամբ արյուն է։ Բարձրացա մեքենայի վրա, դիակներ շատ կային։ Մեքենայի վրա նաև ջուր կար, հենց այդտեղից էլ խմեցի։ Գտա նաև շոգեխաշած միս»,- մեր հետ զրույցում անկեղծացավ Ե․Ա․-ն։

Հավատ ու հույս ահա այն երկու զգացումները, որոնք Ե․Ա․-ին օգնում են գոյատևել ու դուրս գալ ստեղծված դժվարություններից։ Նա նշում է , որ հավատացել է Աստծուն ու ամեն պահ աղոթքը շուրթերին փորձել դուրս գալ դժվարին իրավիճակներից։ Ի վերջո հավատն ու հույսն Ե․Ա․-ին ուղղորդել են դեպի Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գյուղի տներից մեկը։ Այդ ժամանակը Թաղավարդ գյուղը գտնվում էր հակառակորդի ձեռքում և այդտեղ գիշերելուց հետո՝ առավոտյան հերթական ստուգումների ժամանակ ադրբեջանցի վարձկան զինծառայողները նկատել են նրան և վերցրել գերի։ Ե․Ա․-ն պատմեց, որ մտածել է, թե իրեն տանելու են ու սպանեն, մինչև վերջ այդպես էլ մտածել է։

Սակայն ճակատագրի բերումով նրան տեղափոխել են Բաքու: «Գերի ընկնելուց հետո ինձ տեղափոխել են Ադրբեջան և մնացել եմ այնտեղ մոտ 60 օր։ Ընտանիքս գերի ընկնելուս մասին իմացել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից, որը նկարել էին գերի ընկնելուց ժամեր հետո։ Հստակ զգացողություն եմ ունեցել, որ մինչև Ամանոր լինելու եմ տանը՝ ընտանիքիս հետ ու միշտ աղոթել եմ, որ ինձ շուտ վերադարձնեն ընտանիքիս։

Հայաստան եմ վերադառնալու մասին լուրը իմացել եմ վերադարձից օրեր առաջ։ Մեզ պահում էին բանտախցերում։ Նրանք մեզ տրամադրել էին թարգմանիչ, ով շատ լավ էր խոսում հայերեն և հենց նա էլ ինձ հայտնեց հայրենիք վերադառնալու լուրը։ Բանտախցում գտնվողներից հիմա Հայաստանում միայն մի մասս ենք»- պատմում է Ե․Ա․ -ն։

Սահմանին ապրելով՝ մանկուց իր մեջ ունեցել է հայրենասիրություն, որը իր խոսքով կա մինչ օրս ու մինչև իր վերջին շունչն էլ լինելու է, նշում է Ե.Ա․-ն և ավելացնում-,«Ունակ եմ եղել կռվելու ու կռվել եմ մինչև վերջ, ինչքան էլ որ դավաճանները շատ են եղել: Ես կռվել եմ իմ ժողովրդի, իմ ընտանիքի ու իմ հարազատների ու իմ հողի համար, այլ ոչ թե դավաճանների համար։ Նույն հայրենասիրությունը իմ մեջ դեռ կա ու հուսով եմ, որ միշտ էլ կշարունակվի այդպես։

Հիշեցի Նժդեհի խոսքերը, որ ասում է-, «Հայրենիք մի սպասեք և մի պահանջեք օտարից, եթե այն ձեր արյան գնով պահելու չափ հայրենասեր չեք»։ Եթե մենք մեր հողը չպահենք ու չպաշտպանենք, ումի՞ց հայրենիք պահանջեք։ Ռուսի՞ց։ Հիմա հենց սա էլ անում է ժողովուրդը»։ Եթե օրերից մի օր տեսնի իր զոհված ընկերներին ու հրամանատարներին, իր խոսքը մեկն է լինելու-,«Մեր դժբախտությունը այն չէ, որ կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»։

«Ես հայ եմ ու պետք է հավատարիմ մնամ իմ արմատներին ու լինել հզոր հայորդի»,- ավելացրեց հայորդին:

Ահա մի շարք խոչընդոտների միջով անցած ու կյանքի ու մահվան հետ պայքարի մտած զինվորի այսօրվա հրամայականը։

Լիլիա Ալավերդյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ