fbpx
Իրավական

ՊԵԿ-ը հայտնաբերել է 1,5 կգ մեթամֆետամին

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության:

Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:

«Նշված զանգվածի հայտնաբերման փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն:

Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կազմած մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ