2008 թվականի Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձությունները հակակառավարական ըմբոստություն էր Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Բողոքի միջոցառումները տեղի ունեցան երկրի մայրաքաղաք Երևանում՝ չընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները։
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և իրենց կազմակերպած խմբերի կողմից որոշվեց ճնշել խաղաղ հավաքները և մեկ ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Վարչակազմը իր ռեսուրսներով քաղաքական բռնաճնշումների ենթարկեց հազարավոր մարդկանց, ոտնահարվեցին խաղաղ ցուցարարների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Քաղաքական հետապնդումների և հալածանքների արդյունքնում բանտերում հայտնվեցին հարյուրավոր մարդիկ։
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե Սերժ Սարգսյանը։
2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունից հետո, մարտի 1-ի գործը քննության նոր թափ ստաացավ։ Մասնավորապես մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին։ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքները վերաբերում էին նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելուն, իշխանությունը բռնի զավթելուն։ Մարտի 1-ի գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ նախկին պաշտոնյաների` մասնավորապես, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Դավթյանին։
Human Rights Watch-ը և շատ այլ միւազգային կազմակերպություններ դատապարտել են հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար, ովքեր գտնվում էին վրանային ճամբարում, Ազատության հրապարակում։ 2018-ից հետո Մարտի 1-ի քաղաքական բանտարկյալներին Եվրոպական դատարանները, այնուհետև ՀՀ դատարանները արդարացրեցին։
Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։ Անհերքլի է այն, որ տվյալ վարչակազմի օրորք սպանվեցին 10 և ավել մարդիկ։ Մինչ օրս սպանությունների, սահմանադրական կարգի տապալման համար ոչ ոք ամբողջական, արդար պատասխանատվություն դեռ չի կրել։