fbpx
Արցախ

2020 թ-ին պլանավորվում է նախադպրոցական խմբեր բացել Քաշաթաղի և Մարտունու մի քանի համայնքներում

2020 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերի մասով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 443.9 մլն դրամ, որը գերազանցում է 2019 թվականի պլանավորված ցուցանիշը 520.5 մլն դրամով կամ 7.5 տոկոսով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ին կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Նա նշել է, որ ծախսերի ավելացումը հիմնականում կապված է 2020թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացման և Քաշաթաղի ու Շահումյանի շրջանային բուժմիավորումների համար նոր ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերման համար գումարների նախատեսմամբ:

Ըստ Ա. Հարությունյանի՝ կրթության, գիտության և սպորտի ոլորտի համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը կազմում են 16 մլրդ 328.7 մլն դրամ, կամ 2019 թվականի պլանավորված ցուցանիշից ավել 10.4 %-ով, դրանից 11 մլրդ 151.2 մլն դրամն ուղղվելու է հանրակրթական դպրոցների ծախսերի իրականացմանը, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 1 մլրդ 100.6 մլն դրամով կամ 11 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է 2020թ. հունվարի 01-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերի 10 %-ով բարձրացմամբ, և նվազագույն աշխատավարձի փոփոխությամբ, որի արդյունքում շուրջ 3,600 մանկավարժական դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչների, նախապատրաստական խմբերի դաստիարակների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` մեկ դրույքի հաշվով, կկազմի 161.7 հազար դրամ` ներառյալ լրացուցիչ վարձատրությունները:

«Նախադպրոցական կրթության գծով նախատեսվել է 1 մլրդ 323.8 մլն դրամ, 2019 թվականի հաստատված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճելով 108.0 մլն դրամով կամ 8.9 %-ով, որը պայմանավորված է Ասկերանի շրջանի Շոշ համայնքում նոր մանկապարտեզի բացմամբ, ինչպես նաև առաջիկայում՝ Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Մարտակերտի շրջանի Վաղուհաս և Թալիշ համայնքներում շահագործման հանձնման են թակա 4 նոր մանկապարտեզների պահպանման ծախսերի նախատեսմամբ: 2020 թվականին պլանավորվում է նաև նախադպրոցական խմբեր բացել Քաշաթաղի շրջանի Սոնասար և Այգեհովիտ, Մարտունու շրջանի Շեխեր, Հերհեր և Մուշկապատ համայնքներում: Այդ ամենի արդյունքում 2020 թվականին նախադպրոցական կրթությունը հասանելի կդառնա ևս 350-400 երեխաների համար: Սպորտի ոլորտի համար նախատեսված ծախսերը կազմում են 447.8 մլն դրամ, ընթացիկ տարվա համեմատ աճելով` 100.9 մլն դրամով կամ 29.1 %-ով, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին Արցախի մարզիկների մասնակցության և հանրապետությունում ֆուտբոլի զարգացման միջոցառումների ծախսերի ավելացմամբ»,-մանրամասնել է Ա. Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտի ծախսերի համար նախատեսվում է ուղղել 2 մլրդ 981.2 մլն դրամ, որից 1 մլրդ 653.2 մլն դրամը հատկացվելու է մշակութային ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերին, 122 մլն դրամ՝ պատմա-մշակութային հուշարձանների վերականգնմանն ու պահպանմանը, 28 մլն դրամ՝ զբոսաշրջության զարգացման ծրագրերին, և 35 մլն դրամ երիտասարդական ծրագրերի իրականացմանը:

«2020 թվականին համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 293.8 մլն դրամի չափով, կամ ավել ընթացիկ տարվա ծրագրված մուտքերից 113.2 մլն դրամով (աճը` 9.6 %) : Համայնքների բյուջեների ընդհանուր ծախսերը կազմում են 4 մլրդ 262 մլն դրամ, ընթացիկ տարվա համեմատ աճելով 548.6 մլն դրամով, որը հիմնականում կապված է 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացման և սանմաքրման աշխատանքների համար անհրաժեշտ գումարների նախատեսման հետ: 2020 թվականին պետական բյուջեից համայնքների բյուջեներին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 968.1 մլն դրամի չափով դոտացիա, ինչը կապահովի համայնքային բյուջեների ծախսերի մոտ 70 տոկոսը: 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերում ավելի քան 4150 աշխատողի համար նախատեսվել է 1մլրդ 166.9 մլն դրամի պարգևատրման ֆոնդ, որը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդի հետ միասին կազմում է հիմնական աշխատավարձի ֆոնդի 15 տոկոսը»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ տնտեսական զարգացման ծրագրերի համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ծախսել 652 մլն դրամ` որն ուղղվելու է Արցախի Հանրապետության տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի արտահանման կարողությունների զարգացմանն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը:

«Բնակչության սպառած էլեկտրաէներգիայի ծախսերի մասնակի սուբսիդավորման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 800.0 մլն դրամ», – ըստ աղբյուրի՝ հավելել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ