fbpx
Արցախ

25 տարվա դադարից հետո Ալավերդու քաղաքային թատրոնը Արցախում միջոցառմամբ է հանդես եկել

«Վալլեքս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող մշակութաժամանցային ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Հյուրախաղեր 25 տարի անց» խորագրով մշակութային միջոցառում:

Միջոցառման ընթացքում Ալավերդու քաղաքային թատրոնը հանդես է եկել Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» երաժշտական կատակերգությամբ, այնուհետև կայացել է Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի համերգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանն ասել, որ իրենք առաջին անգամ 1994 թվականին համերգային ծրագրով են հանդես եկել Արցախում, իսկ 1995 թվականին՝ թատերական ներկայացումներով:

Նրա խոսքով՝ արդեն 25 տարի է ինչ իրենք հյուրախաղերով չեն այցելում Արցախ:

«Մենք դիմել ենք «Վալլեքս» բարեգործական նորաստեղծ հիմնադրամին, և նրանք մեզ աջակցել են, որպեսզի մեր վաղեմի երազանքը կատարվի. մենք այստեղ ենք, որպեսզի արցախցի հանդիսատեսին մի պահ կտրենք առօրյա հոգսերից ու մտահոգություններից: Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» երաժշտական կատակերգության հիմքում ընկած է այն գաղափարը, որ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում ենք ապրում, միևնույն է մարդկային հարաբերությունները և արժեքները նույնն են: Չպետք է մտածել, որ եթե ժամանակաշրջանը փոխվել է, ուրեմն պետք է փոխվի նաև ազգային-ավանդական արժեքները», – մասնավորապես ասել է Հ. Պապինյանը:

Նա նշել է, որ 25 տարի անց Ստեփանակերտը զարմանալիորեն փոխվել է. ամեն ինչ գեղեցիկ է ու լուսավոր:

«Մենք հրաշալի կապեր ունենք Արցախի պետական դրամատիկական թատրոնի հետ: Մենք տեսնում ենք, որ այստեղ մշակութային կյանք կա, և արցախցի հնդիսատեսին չենք կարող ոչնչով զարմացնել», – ավելացրել է գեղարվեստական ղեկավարը:

Աղբյուրը նշում է, որ «Հյուրախաղեր 25 տարի անց» խորագրով մշակութային միջոցառման շրջանակներում Ալավերդու քաղաքային թատրոնը և «Լազուր» ժողգործիքների համույթը հանդես են գալու Մարտակերտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ