Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հյուրը հետաքրքրվել է Հայաստանում հավաքների ժամանակ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով վերջին զարգացումները` որպես ժողովրդավարական, դրական փորձ ունեցող երկիր:
Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ ոչ միայն հավաքների, այլև մարդաշատ միջոցառումների ժամանակ առողջապահության նախարարությունը համակարգում է ծառայությունների աշխատանքը, մասնավորապես` շտապօգնության բրիգադների հերթապահություններ են սահմանվում, ըստ անհրաժեշտության պատրաստականության են բերվում նեղ մասնագիտական որոշ ծառայություններ: Ըստ իրավիճակի` շտապօգնության բրիգադը արագ արձագանքում է, տուժածին առաջին բուժօգնություն է ցուցաբերում , իսկ անհրաժեշտության դեպքում` տեղափոխում ամենամոտ մասնագիտացված հաստատություն:
«Եթե հակիրճ ասեմ, բուժօգնությունը կազմակերպվում է տեղում, իսկ եթե տուժածների թիվը մեծ լինի, մոտակա հիվանդանոցը տեղեկացվում է, բերվում է պատրաստականության և ընդունում: Բարեբախտաբար, մեծ թվով տուժածներով դեպքեր չեն արձանագրվել վերջին իրադարձությունների ժամանակ»,- նշել է առողջապահության պատասխանատուն և հավելել, որ այս ուղղությամբ իրավական կարգավորումներ չկան, անհատական մոտեցում է ցուցաբերվում:
Նախարարը նաև վկայակոչել է քաղաքացիական հասարակության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը, նշելով, որ ըստ ոլորտների հարցերը քննարկվում են գործընկերների հետ, և համակարգը մեծ աջակցություն ունի այս առումով:
Կլեմեն Վուլեյը կարևորել է տարբեր միավորումների հետ համագործակցությունը` ընդգծելով, որ դրանից շահում է հասարակությունը և բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը: Ամփոփելով խոսքը` հյուրը հետաքրքրվեց Արսեն Թորոսյանից, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան:
«Անշուշտ, ամեն ինչ լավ է լինելու: Մենք քաղաքականություն մշակող կառույց ենք, և բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանն ու բարօրությանը: Պարզապես, բյուջետային հատկացումներն են քիչ, ինչի պատճառով հաճախ չենք կարողանում բոլորին աջակցել:
Բայց հույս ունենք, որ առողջապահությունը կդիտարկվի կարևորագույն օղակ, ամբողջությամբ կգործի էլեկտրոնային առողջապահության համակարգը, ինչը թափանցիկ աշխատանքի երաշխիք է, չեն լինի գրպանից դուրս վճարումներ և հանրային առողջապահությունը զարգացնելով` կունենանք առողջ հասարկություն»,- եզրափակել է խոսքը Արսեն Թորոսյանը:
Աղբյուր՝ 1in.am