Նախօրեին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նա հիշեցրել է, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել:
Կարապետյանը նաև միջանկյալ դիտարկում է արել․
«Ինքնակամ կառույցների սեփականատերերը այս օրերին հաճախ դժգոհում են, թե «մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ շինթույլտվություն ստանալու համար, քաղաքապետարանը չի տվել, դրա համար ստիպված ինքնակամ ենք կառուցել»:
Ներեցեք, բայց դա մոտավորապես նույնն է թե ինչ-որ մեկից ուզես իր մեքենան եւ, չստանալով իր համաձայնությունը, առևանգես մեքենան, հետո, որպես արդարացում, ասես՝ «ես ուզեցի, ինքը չտվեց, ես էլ ստիպված գողացա»», – գրել է Կարապետյանը։