2024 թվականի դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Կադաստրի կոմիտեն ընդունել է շուրջ 67 հազար ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթ: Դրանցից մոտ 60 հազարը գտնվում են քաղաքային տարածքներում, իսկ մնացածը՝ գյուղական համայնքներում: Այս մասին հայտնում է Factor-ը։ Քաղաքացիների այս ակտիվությունը պայմանավորված է 2022 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ, որի համաձայն ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացվում է հատուկ սահմանված ժամկետներում․ Երևանում՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, մյուս քաղաքներում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական համայնքներում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Սահմանված ժամկետներում չհաշվառված կառույցները, ըստ օրենսդրության, ենթակա են քանդման համայնքի ղեկավարի կողմից՝ առանց դատարանի որոշման: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2022 թվականին կառավարության նիստում հայտարարել էր, որ երկրում ինքնակամ կառույցների մեծ ծավալը վկայում է պետական ինստիտուտների թերի կայացվածության մասին:
Նոր ինքնակամ կառույցների առաջացումը կանխելու նպատակով 2021 թվականին Հայաստանի բոլոր բնակավայրերում իրականացվել են օդատիեզերանկարահանման աշխատանքներ: Ստացված տվյալների հիման վրա Կադաստրի կոմիտեն ստեղծել է օրթոֆոտոհատակագծեր, որոնք այժմ հիմք են ծառայում ինքնակամ կառույցների վերահսկման և հաշվառման համար:
Ինչ վերաբերում է այս կառույցների տեսակի բաշխմանը, Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ շինությունների տեսակով առանձին հաշվառում չի իրականացվում, ուստի դրանց թվային ճշգրիտ տվյալները հասանելի չեն: Հաշվառման գործընթացից հետո, «Քաղաքաշինության մասին օրենքի» համաձայն, շինությունների շահագործումը հնարավոր է միայն ավարտական ակտի հիման վրա:
Այնուամենայնիվ, Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միության նախագահ Արայիկ Հակոբյանի խոսքով՝ շատ դեպքերում սեփականատերերը չեն դիմում ավարտական ակտ ստանալու համար՝ գույքահարկից խուսափելու կամ այն նվազեցնելու նպատակով: Կիսակառույց և ավարտված շինությունների գույքահարկերը տարբերվում են, ինչը որոշ դեպքերում խթանում է սեփականատերերին խուսափել վերջնական փաստաթղթերի ձևակերպումից:
Հակոբյանը նաև նշում է, որ ավարտական ակտի բացակայությունը կարող է կապված լինել տեխնիկական խնդիրների հետ: Շինության կառուցման թույլտվության ժամկետը կարող էր սպառված լինել, ինչի հետևանքով ոչ միայն նոր շինթույլտվություն չի տրվում, այլև շինությունն օրինականացնելու հիմքեր չեն մնացել: Նման շինությունները հաճախ մնում են օրինականացման հնարավորությունից դուրս և կարող են ենթարկվել քանդման: