Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցության շրջանակներում վերապատրաստվում են Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները: Այսուհետև 911 թեժ գիծը կկարողանա ընդունել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր, ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց:
Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ու դրան վերաբերող ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև՝ խոցելի խմբերի նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ արձագանքման մեխանիզմները՝ իրավական տեսանկյունից։
Դասընթացներն իրականացվում են 2 փուլով: Դրանք անցկացվում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից: