ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը վրդովված է, որ Սևանա լճում ստեղծված իրավիճակի մասին բոլորը կարծիքներ են հայտնում: Այսօրվա մամուլի ասուլի ժամանակ նա մասնավորապես նշեց.
«Այսօր բոլորն իրենց իրավունք են վերապահում խոսել Սևանի մասին՝ չլինելով մասնագետ, չունենալով հիմքեր, արդյունքներ, որոնցով կարող են հիմնավորել իրենց եզրակացությունները և առաջարկները: Այսպիսի դրությունն անթույլատրելի է, քանի որ կան կազմակերպություններ, ի դեմս մեր կենտրոնի, որի հիմնական միսիան հենց դրանում է կայանում, որ ուսումնասիրի Սևանի հիդրոէկոլոգիական պրոցեսները, սակայն կան մարդիկ, որոնք, այստեղից-այնտեղից լսելով մեր բառերը, կամ ինտերնետից վերցնելով, օգտագործում են որոշ տերմիններ, իրենց առաջարկներն են ներկայացնում՝ դրանով առաջացնելով խառնշփոթ և՛ ժողովրդի մոտ, և՛ նույնիսկ պաշտոնյաների, որոնք որ կայացնում են համապատասխան որոշումներ»: