fbpx
Իրավական

ՄԻԵԴ դիմելը հիմք չէ, որ որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի. Քոչարյանի փաստաբան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը հենց այն գործն է, որի վերաբերյալ անհրաժեշտ է այնպիսի բարձր կարծիք, ինչպիսին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

«Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու գործիքը նոր է մեր իրավական համակարգում, և կարծում եմ, որ սա հենց այն գործն է, որի համար անհրաժեշտ է նման բարձր կարծիք», – նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ից և ՎՀ-ից այս գործի վերաբերյալ լինելու է ընդամենը խորհրդատվական կարծիք, իսկ վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է։

Հարցին՝ արդյո՞ք ՄԻԵԴ և ՎՀ դիմելը կարող է կասեցնել Քոչարյանի և մյուսների գործով քննությունը ընդհանուր իրավասության դատարանում, փաստաբանը պատասխանեց, որ այդ գործընթացը հիմք չէ գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կասեցնելու համար։

«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ գործի քննությունը վերսկսված է, և այն պետք է վերսկսվի ընդհանուր իրավասության դատարանում։ Միակ ձգձգող հանգամանքը պարոն Դանիելյանի աշխատակազմն է, որը գործի նյութերը չի տրամադրել ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի հնարավորություն լինի շարունակել», – ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը որոշել էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ