Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության հետ կապված հետաքննություն է սկսել։
Ինչպես հայտնում է iusport-ը, Իսպանիայի ֆուտբոլային գլխավոր կազմակերպությունը կարգապահական գործ է բացել՝ կապված Անտուան Գրիզմանի տեղափոխության հետ «Աթլետիկոյից» «Բարսելոնա»։ Հետաքննությամբ պարզ կդառնա՝ կատալոնական ակումբը ավելի վա՞ղ է համաձայնության հասել ֆրանսիացի հարձակվողի հետ, թե՞ ամեն բան արվել է օրենքի սահմաններում։
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» ևս 80 միլիոն եվրո է պահանջում «Բարսելոնայից»։ Մադրիդյան կողմը պնդում է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն պահին, երբ Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոն եվրո է եղել, մինչդեռ կատալոնացիները 120 միլիոն են վճարել 28-ամյա ֆուտբոլիստի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Աթլետիկոն», բացի Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայից, դիմել է նաև Լա լիգային՝ «Բարսելոնայից» հավելյալ 80 միլիոն եվրո պահանջով։