«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դրամական միջոցների օգտագործմանը՝ նշելով, որ դա կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ:
«Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն դուք կստանաք խաղաղության հաստատվելուց անմիջապես հետո»,- ասել է հիմնադրամի տնօրենը՝ կարևորելով այն աջակցությունը, որը հատկացվում է հիմնադրամին «հումանիտար թիկունքից»:
Հայկակ Արշամյանը վստահեցրել է, որ մինչև այսօր հավաքագրված գումարների մեծ մասն արդեն հասել է հիմնադրամի հաշիվներին:
«Կասկածի տակ մի դրեք այս կենսական համագործակցությունը, որը ոչ միայն ձևավորվել է, այլ նաև լավ տեմպերով գնում է»,- ավելացրել է Արշամյանը:
Բանն այն է, որ նոր շարժում է սկսվում: Այն նպաստելու է համահայկական ներուժի համախմբմանը և մշտական ֆինանսական հոսքեր ունենալուն:
«Շարժումը մենք անվանել ենք 50+: Եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, ամեն ամիս հիմնադրամում կունենանք 50 մլն դոլար, տարեկան կես միլիարդ դրամ: Սա ընդունեք որպես սիմվոլիկ թիվ՝ 50+, 50+, 50+: Սա կնպաստի Արցախի վերակերտմանը հաղթանակից հետո: Եկեք ուղղակի թիկունք թիկունքի տանք և փորձենք սարերը շարժել»,- ասել է Արշամյանը:

