ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերսկվեն միջուկային բանակցությունները ԿԺԴՀ-ի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Հուսով ենք, որ մոտակա շաբաթների ընթացքում կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ: Մենք ծրագրում ենք վերսկսել բանակցությունները մի քանի շաբաթ անց և սպասելիքներ ունենք, որ երկու թիմերը կրկին կմիավորվեն»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 30-ին երկու երկրների ներկայացուցիչների մակարդակով բանակցությունները վերսկսելու շուրջ համաձայնության են եկել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հյուսիսային Կորեան հրթիռային մի քանի արձակում է իրականացրել, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, նպատակ ունի ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ կապված փակուղի մտած միջուկային գործարքի հարցով բանակցությունները վերսկսելու հետ: